211652_close_icon
views-count5474 դիտում article-date 21:41 15-02-2023

Աղմկող ինքնախաբեության ճիրաններում. Ռուբեն Հակոբյան

Ռուբեն Հակոբյանը գրում է. «Թե դպրոցական և թե ուսանողական տարիներին, երբ մեր պատմության խոհանոցին տիրապետողները փաստերով, գործող անձերին անուն առ անուն թվարկելով համոզում-ապացուցում էին, որ մեր պարտությունների հիմնական պատճառը մեր ներսի դավաճանը, ագահը, իշխանատենչը, կրոնավորն է եղել, որ մենք պարտվել ենք մեր ներսի դավաճանին՝ չէի ուզում, ավելի ստույգ՝ ինձ ստիպում էի չհավատալ։ Բայց նորանկախ Հայաստանի այս երեք տասնամյակները ցույց տվեցին, որ Խորենացին, Րաֆֆին, Թումանյանը, Չարենցը, մյուս մեծերը խորությամբ են զգացել Նժդեհի հայտնաբերած հայի տականք տեսակի անզուգական լինելու  ողջ «հմայնքը»... Տեսակ, ով իշխանատենչությամբ ու սրիկայությամբ պրկված, կարողացավ ծովերով շրջապատված մեր հայրենիքը դարերի ընթացքում մկրատել և, որպես շագրենի կաշի, վերածել թշնամիներով շրջապատված մի ափաչափ անկլավի, որն այսօր դեգերում է հերթական դավաճանի «ապագա կա»-ի կործանարար տիրույթում։
   
Ժամանակին Պարույր Սևակն իր «Ազգային սնապարծություն և ազգային արժանապատվություն» հոդվածում ճշգրտությամբ բացահայտել է, որ մենք, ընկելով «պոռոտախոսության, ինքնագովության ու սնապարծության» հետևից, հոտընկայսելով մեր ազգի «հերոսական» անցյալը՝ խեղդել ու թաքցրել ենք ինչպիսին լինելու մասին մեր իրական ձայնն ու պատկերը։ Եվ այսօր հայտնվել ենք ինքներս մեզ պարտադրած, դարերով անտեսած աղմկող ինքնախաբեության ճիրաններում։
   
Այո՛, վերջին երեսուն տարիները, որն սկսվեց արցախյան հզոր շարժումով, ասես որպես պատմական օրինաչափություն՝ ավարտվում է ոչ պակաս «հզոր» հակաարցախյան շարժմամբ։ Եվ այսօր էլ, պատմական ավանդույթի կրկնությամբ, պետությունը դեպի կործանում տանող դավաճանների պակաս չունենք։
   
Այո, մենք մե՛զ ենք պարտվել և թշնամին այն արձանագրել է որպես ի՛ր հաղթանակ։ Փորձել ենք ծածկադմփոց անել ու ինքնախաբեությամբ լռության մատնել մեր իսկ կողմից գործած բազմաթիվ սխալներ... Փորձել ենք դրսերում պեղել-գտնել մեղավորների և երբեք մեր սխալներից դասեր չենք քաղել։
   
Եկեք հետադարձ հայացքով համառոտ անդրադառնանք վերջին երեսուն տարիների մեր պատմությանը և փորձենք հասկանալ, թե ինչու հայտնվեցինք այսպիսի «ապագա կա»-ի վիճակում։
   
Արցախյան շարժումը  համազգային համախմբման աննախադեպ հարթակ դարձավ՝
   
- Հայաստանում և Սփյուռքում՝ ամենակարող էներգետիկայով պրկված լեփ-լեցուն հարթակներ էին, 
   
- տարածաշրջանում՝ ժողովրդավարական բաստիոնի կարգավիճակում էինք, 
 
 - ռազմի դաշոտում՝ դեռևս չկազմավորված Հայոց բանակն աննկարագրել հերոսություն ցուցաբերելով՝ ազատագրում էր Շուշին ու Օմարը, որոնցից յուրաքանչյուրը, նաև դրսի մասնագետների գնահատմամբ (ռուս գեներալներ Ա. Լեբեդ, Պ. Գրաչյով), ռազմական արվեստի բացառիկ նմուշներ էին, 
   
- ԳԽ պատգամավորները նիստերից ազատ օրերին հիմնակամում մեկնում էին դիրքեր։ Դրանցից մեկի ժամանակ՝ 92-ի սեպտեմբերին, մի խումբ պարգամավորներով մեկնել էինք Մարտակերտի շրջանի, որտեղ թեժ մարտեր էին ընթանում և, ցավոք, այդ օրերին Վաղուհասի դիրքերում զոհվեց մեր գործընկեր  Սամվել Շահմուրադյանը՝ հրաշալի մտավորական, զինվոր ու օրենսդիր։ 
   
Հետևում եմ այսօրվա ԱԺ-ի գործունեությանը և օրենսդիրների պահվածքին՝ չեմ ուզում հավատալ, որ անկախացած Հայաստանի առաջին Օրենսդիր մարմինը հետագայում կարող էր այսքան դեգրադացվեր։
   
Շարժման սկզբում թվում էր, թե անցյալից դասեր ենք քաղել և, իսկապես, 21-րդ դարը մերն է լինելու։ Բայց՝ ո՛չ։ Հաղթանակներից ոգևորված և Պ. Սևակի բնորոշմամբ՝ «արխայինության, դինջության, սնապարծության» տուրք տալով, օրվա ղեկավարությունը չգիտակցեց, որ ստեղծված իրավիճակում, թերևս՝ նաև բոլոր ժամանակների կտրվածքով, անենառեալ պահն էր Արցախի անկախության ճանաչումը, ինչն արցախյան շարժման բուն նպատակն էր։ Բայց, դրա փոխարեն, 94-ի մայիսի 12-ին Բիշքեկում կնքվում է հրադադարի համաձայնագիր, ինչն ուղղակի թիկունքից հարված էր արցախյան ազատամարտին։ Այդ համաձայնագրի ստորագրումը նույնիսկ պատճառ դարձավ, որ ռազմաճակատում հաղթանակներ կռած գեներալներից Գ. Դալիբալթայանն ու Ն. Տեր-Գրիգորյանցը հեռացան Հայաստանից՝ սգորագրված փաստաթուղթը որակելով որպես հաղթողի կողմից նախադեպը չունեցող կապիտուլյացիոն համաձայնագիր ու դավաճանություն՝ Արցախի նկատմամբ։ Եվ, ինչպես հետագայում բացահայտվեց, փաստորեն այդ համաձայնագրը նախաձեռնել էր բրիտանական Բրիթիշ Փեթրոլեում նավթային ընկերությունը, ինչը կյանքի էր կոչվել ՌԴ նախագահ Բ. Ելցինի միջամտությամբ։ Եվ պատահական չէ, որ կարճ ժամանակ անց Բաքվի և այդ ընկերության միջև կնքվեց նավթային պայմանագիր, ինչը դարձավ Բաքվի բյուջեն սնուցող հիմնական երակներից մեկը, իսկ Անգլյան ամրապնդեց իր դիրքերը տարածաշրջանում։ 
   
Եվ այսօր Ալիևը հաղթողի դիրքերից Արցախի և Հայաստանի նկատմաբ անում է այն, ինչը մենք պետք է անեինք պարտվողական այդ փաստաթուղթը ստորագրելու փոխարեն։   
             
Շարունակությունը՝ հաջորդիվ»։

Նմանատիպ նյութեր