211652_close_icon
views-count766 դիտում article-date 17:06 06-03-2023

Իրանը հայտարարել է Միջուկային զենքի չտարածման պայմանագրի դրույթներին հավատարիմ մնալու մասին

Իրանի կողմից իր միջուկային ծրագրի իրականացման չափանիշներն են Միջուկային զենքի չտարածման պայմանագրի (ՄԶՉՊ) դրույթները, դրանով  նախատեսված երաշխիքները և Մեջլիսի (խորհրդարանի) կողմից ընդունված՝ Պատժամիջոցների չեղարկման և իրանցի ժողովրդի շահերի պաշտպանության ռազմավարական գործողությունների ծրագիրը: 

Նման հայտարարություն է արել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Մոհամմադ Էսլամին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպումից հետո: 

«Մենք հայտարարել ենք, որ հավատարիմ ենք ՄԶՉՊ-ին և այս պայմանագրով նախատեսված երաշխիքներին, իսկ ՄԱԳԱՏԷ-ն գնահատում և վերահսկում է երկրի գործունեությունը (միջուկային ոլորտում)», - ասված է Էսլամիի հայտարարության մեջ: Էսլամին գոհունակություն է հայտնել հանդիպման արդյունքներից։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրըե (ԳՀՀԾ), որին մյուս կողմը չի հետևում, չի կարող չափանիշ ծառայել Իրանի գործողությունների համար՝ ի տարբերություն Պատժամիջոցների վերացման և իրանցի ժողովրդի շահերի պաշտպանության ռազմավարական ծրագրի, որն ընդունվել է Մեջլիսի կողմից:

ԻԱԷԿ-ի ղեկավարը նշել է, որ «մյուս երկրները ցանկանում են Իրանին ստիպել կատարել ԳՀՀԾ-ի դրույթները, սակայն իրենք իրենց պարտավորությունները կատարել չեն ցանկանում»։ 2015 թ.-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական «հնգյակը» և Գերմանիան Իրանի հետ ստորագրել են ԳՀՀԾ-ն՝ Թեհրանի միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի հաղթահարման նպատակով: ԱՄՆ-ի նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թ.-ին որոշում ընդունեց այդ համաձայնությունից դուրս գալու մասին:

Միացյալ Նահանգների ներկայիս նախագահ Ջո Բայդենը բազմիցս հայտնել Է Վաշինգտոնին միջուկային գործարքին վերադարձնելու պատրաստակամության մասին: 2021 թ. ապրիլից Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Վիեննայում բանակցություններ են վարում Իրանի հետ՝ ԳՀՀԾ-ն իր սկզբնական տեսքով վերականգնելու շուրջ։ 2022 թ. նոյեմբերի 10-ին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել էր, որ Իրանի ներկայացուցիչների հետ բանակցությունների հերթական փուլն Ավստրիայի մայրաքաղաքում ավարտվել է առանց որևէ արդյունքի:

Նմանատիպ նյութեր