211652_close_icon
views-count29599 դիտում article-date 12:21 14-03-2023

Մահվան ելքով վրաերթ Պռոշյան գյուղում․ Opel-ը վրաերթի է ենթարկել հետոտնին, վերջինս տեղում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Թեմուր Խ․-ն իր վարած Opel մակնիշի ավոտմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհին, Պռոշյան գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Վաչիկ Վ․-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը՝ ովքեր արձանագրել են հետիոտնի մահը, ապա տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Opel-ի վարորդին, ով դեպքի վայրից փախուստի չի դիմել, սակայն դեպքից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Արագածոտնի գումարտակի պարեկները գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի գլխավորությամբ։ Սակայն տեղում պարզվել է, որ վրաերթը տեղի է ունեցել Կոտայքի մարզում, ինչից հետո օպերատիվորեն ժամանել են Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Շահնազարյանի գլխավորությամբ։

Վրաերթի մասին Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի և Նաիրի քննչական բաժնի պետ Հայկ Հակոբյանի գլխավորությամբ։

Վրաերթի փաստով՝ Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր