211652_close_icon
views-count10735 դիտում article-date 19:38 14-03-2023

Քեզ բացակա չե՛նք դնի. ծնունդդ շնորհավոր լենգենդ դարձած հերոս Էդուարդ Հարությունյան. դու և քո նմանները ուշ-ուշ եք գալիս, բայց ոչ ուշացած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 14-ին, Եռաբլուր զինվորական պանթեոն էին այցելել 2022 թվականի սեպտեմբերի 13-ին իր կյանքը հայրենիքին զոհաբերած, լեգենդ դարձած հերոս Էդուարդ Հարությունյանի հարազատները, ընկերները այդ թվում՝ զինակից, հերոսածին մայրեր: Այսօր հերոսը կդառնար 20 տարեկան:

Ներկաները նախ ծաղիկներ խոնարհեցին նրա շիրիմին, ապա կատարեցին խնկարկում: Եռաբլուր զինվորական պանթեոնից ներկաները այնուհետև այցելեցին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործող թիվ 185 հիմնական դպրոց:

Ներկաները, մինչ կմասանկցեին հերոսի ծննդյան առթիվ կազմակերպված միջոցառմանը, միմյանց հետ զրուցելիս ասում էին. «Հպարտ ենք, որ սովորում ենք այն դպրոցում, որը մի քանի հերոսներ է տվել Արցախյան պատերազմներին: Հպարտ ենք, որ այսօր ներկա ենք Էդուարդի ծննդյան առթիվ դպրոցի դահլիճում կազմակերպված հուշ-երեկոյին: Էդուարդի, նրա նման բազմաթիվ լեգենդ դարձած հերոսների մասին պետք է ամեն վայրկյան հիշել, պետք է ամեն օր հպարտանալ, որ այդ տեսակ առյուծ ու արծիվ հերոս տղեքրը մեզ կյանք են պարգևել: Իզուր չէ, որ երբեմն Էդուարդի ու նրա նման հազարավորների շիրիմներին այցելելիս, արտասանում ենք նաև Մեծն Սևակի «Վարք Մեծաց» բանաստեղծությունը

Ո՜ւշ-ո՜ւշ են գալիս, բայց ո՛չ ուշացած.
Ծնվում են նրանք ճի՛շտ ժամանակին:
Եվ ժամանակից առաջ են ընկնում,
Դրա համար էլ չեն ներում նրանց:

Ներկաները դիտեցին հերոսի մասին պատմող տեսահոլովակը: Լեգենդ դարձած հերոսը ծնվել է 2003 թվականի մարտի 14-ին, սովորել է Երևանի թիվ 185, թիվ 188 և թիվ 100 միջնակարգ դպրոցներում։ Ու դեռ դպրոցական տարիքից շատերը նրան ճանաչում էին որպես խիզախ մարդու, հայրենիքի համար պատրաստ իր կյանքը տալուն։

2013 թվականին բնակության է մեկնել Ռուսաստանի Դաշնություն, որտեղ շարունակել է ուսումը։ Շատերի նման նա նույնպես կարող էր մնալ ՌԴ-ում ու վայելեր հանգիստ կյանք։ Սակայն հավատարիմ իր ծնողների, իր գենի պատգամներին՝ վերադառնում է Հայաստան, որպեսզի իր պարտքը կատարի հայրենիքի հանդեպ, Հայոց բանակում։

2021 թվականի հուլիսին մեկնում է ծառայության։ Իսկ մինչ այդ, զինկոմիսարիատում լավ են հիշում, թե ինչպես էր Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ ինքնակամ եկել զինկոմիսարիատ, որպես կամավոր մեկնելու ռազմաճակատ, ասելով․ «Եթե իմ ընկերներն այնտեղ են՝ առաջնագծում, ու պահում են Հայաստանն ու Արցախը, ապա ես էլ պետք է լինեմ իմ ընկերների հետ»։

Ռուսաստանի Դաշնությունում ճանաչվել է լավագույն մարզիկ «Քիքբոքսինգ» մարզաձևում։ Ծառայության ընթացքում էլ արժանացել է լավագույն մարզիկ շքանշանին։

Էդուարդը նահատակվել է սեպտեմբերի 13-ին, Վերին Հանդի ամենաթեժ դիրքերից մեկում՝ մարտի նետվելով մինչև ատամները զինված հրոսակների դեմ։

Գրեթե ամեն օր հերոսի շիրմին են այցելում ոչ միայն հարազատներն ու ընկերները, այլ նաև մյուս լեգենդ դարձած հերոս զինվորների հարազատներ, հերոսածին մայրեր, Արցախյան բոլոր պատերազմներին մասնակցած, լեգենդ դարձած զինվորներ ու սպաներ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 155+
155+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր