211652_close_icon
views-count2230 դիտում article-date 10:38 15-03-2023

Ինչպես էլ դուք կռվեք, ինչ էլ անեք, անհաջողության դեպքում մեղավոր կլինի ոչ թե պետության ղեկավարը, այլ՝ դուք․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վարչապետ Փաշինյանը կարող էր ասուլիս չտալ: Առանց ասուլիսի էլ ամեն ինչ «պարզ է». եթե Հայաստանում որեւէ վատ բան կա, ապա դրանում մեղավոր են «նախկինները» եւ ռուսները: Քաղաքականության մեջ դա սովորական բան է. կեղծ թեզն այնքան ժամանակ է կենսունակ, որքան քաղաքացիների մեծամասնությունը դրան հավատում է: Հայաստանի դեպքում դա հենց այդպես է. Փաշինյանին մեծամասնությունը վստահում է, ինչն էլ ապահովում է նրա ոչ միայն լեգալությունը, այլեւ լեգիտիմությունը: Եթե այդպես չլիներ, ապա ընդդիմության հանրահավաքներին մի քանի հազար մարդուց ավելի շատ մասնակից կհավաքվեր: Հենց որ վարչապետն իր հասարակական լեգիտիմությունը կորցնի (իսկ նման բան ամենեւին բացառված չէ), դա մեզանից թաքուն չի մնա՝ դա կերեւա թե՛ քաղաքական վերնախավի վարքից, թե՛ հասարակական տրամադրություններից։

Որքան էլ այդ առասպելներն անհեթեթ լինեն, դրանց մեջ ոչ մի արտառոց բան չկա: Ես խնդիրն այլ տեղ եմ տեսնում, երբ ինքնարդարացման այդ հռետորաբանության մեջ ներառվում է բանակը: Ահա երեկվա ասուլիսից մի մեջբերում: «Իմ համոզմունքն այն է, որ մենք պատերազմը պարտվել ենք, որովհետեւ մեր բանակում գործել է 5-րդ շարասյուն: Ես կարծում եմ, որ առաջիկայում այդ փաստերն այնքան հրապարակային կլինեն, որ իմ այս արած հայտարարությունն այնքան տարօրինակ չի թվա, որքան հիմա է թվում: Զինված ուժերի 50-ից ավելի նախկին զինծառայողներ, այդ թվում բարձրաստիճան սպաներ, մեղադրվում են լրտեսության, պետական դավաճանության մեջ: Ես չգիտեմ՝ Հայաստանում կա՞ մարդ, որ մտածում է, որ նրանց գլխին գործ են սարքել»:

Նախ՝ եթե նույնիսկ կասկածի տակ չդնենք այդ գործերի «չսարքած» լինելը, ապա դա ամենեւին չի բացատրում պատերազմում կրած պարտությունը: Երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային, բրիտանական եւ ամերիկյան բանակներում եղել են հազարավոր լրտեսներ եւ դավաճաններ, բայց դա չի խանգարել այդ բանակներին հաղթել:

Բայց ամենակարեւորը նույնիսկ դա չէ: Ասել նման բան այն պահին, երբ թշնամին պատրաստվում է քեզ վրա հարձակվել (դրա մասին ինքը՝ Փաշինյանն է նշել) նշանակում է՝ միանգամայն հստակ ուղերձ հղել բանակին, զինվորականներին՝ ինչպես էլ դուք կռվեք, ինչ էլ անեք, անհաջողության դեպքում մեղավոր կլինի ոչ թե պետության ղեկավարը, այլ՝ դուք: Դա, մեղմ ասած, կռվելու մոտիվացիան չի ավելացնում:

Բացի դրանից՝ եթե պետության առաջին դեմքն ասում է, որ նա ղեկավարել է մի պետություն, որի զինված ուժերում «5-րդ շարասյուն» կար, ապա ի՞նչ պետք է դրան հետեւի․․․»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր