211652_close_icon
views-count62276 դիտում article-date 10:35 17-03-2023

Դանակահարություն Երևանում․ Էրեբունու հինանդանոցի բժիշկների շնորհիվ 21-ամյա տղայի կյանքը հնարավոր է եղել փրկել․ դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր․ ժամանել է Երևանի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 16-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Երանոսյանի գլխավորությամբ։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում է վիրահատարանում, և նրա վիճակը ծայրահեղ ծանր է։ 

Մինչ «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի և Ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ 21-ամյա Էդգար Ադամյանն է։ Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Ռոստովյան փողոցից։ 

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Ոստիկանության Էրեբունու բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բալդրյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել և հերթապահություն են իրականացրել նույն վաշտի ավագ պարեկ Անդրանիկ Հարությունյանը, պարեկ Դավիթ Առաքելյանը։ 

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր։ 

Մինչ տեղում աշխատում էր քննչական խումբը՝ քննիչ Բալդրյանի գլխավորությամբ, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու շնորհիվ, պարզել են, որ Է․ Ադամյանին նշված վնասվածքը պատճառել է Երևանի բնակիչ 22-ամյա Արթուր Ղազարյանը Ռոստովյան փողոցի 27 հասցեի շենքի մոտ, վիճաբանության ժամանակ։ 

Փաստի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 166 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ ենթադրյալ կասկածյալ Ա․ Ղազարյանին և հանցագործություան գործիք՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր