211652_close_icon
views-count2278 դիտում article-date 13:03 23-03-2023

Ալիևը բառացի ասաց՝ եթե ՀՀ-ն չընդունի իր պայմաններով դելիմիտացիան, ոչ մի խաղաղության պայմանագիր էլ չի լինելու․ Փաշինյան

Ադրբեջանի ղեկավարի մարտի 18-ին ունեցած ելույթից կարելի է մեկ հիմնական ուղերձ դուրս բերել. նա բացահայտ, բառացի ասաց, թե Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները եւ համաձայնի այդ պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա այլ կերպ, քան ագրեսիայի ակտ Հայաստանի նկատմամբ եւ բարձրագույն  մակարդակով ձեռք բերված համաձայնությունների կոպիտ ոտնահարում, դժվար է որակել: Որովհետեւ  2022-ի հոկտեմբերի 6-ի Պրահայում քառակողմ  հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ ասվում է. «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991 թվականի Ալա Աթայի հռչակագրին, որով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար»,-ասաց նա:

Վարչապետը նկատեց, որ նմանատիպ մի հայտարարություն էլ ընդունվել է նույն թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում ՌԴ նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի կողմից, որտեղ ասվում է. «Պայմանավորվեցինք ձերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից, քննարկել եւ լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության եւ 1991 թ Ալա Աթայի հռչակագրի»:

«Այս հայտարարություններից հետո, որը ուղիղ արձանագրում է, որ խորհրդային սահմանները վեր են ածվել պետական սահմանների, Ադրբեջանը շարունակաբար խոսում է ինչ-որ պատմական քարտեզների հիման վրա դելիմիտացիա անելու մասին, որը բացարձակապես անընդունելի է այն պարզ պատճառով, որ հակասում է բարձրագույն մակարդակով ձեռք բերված  գրավոր պայմանավորվածություններին:

Պայմանավորվածությունները խախտելու Ադրբեջանի այս գործելակերպն է պատճառը, որ մենք շարունակում ենք պնդել, որ թե Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի, թե ԼՂ-ի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների հարցով  Ստեփանակերտ-Բաքու ֆորմատում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման համար հուսալի միջազգային մեխանմիզմներ են հարկավոր»,- ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր