211652_close_icon
views-count60285 դիտում article-date 12:20 25-03-2023

Երեւանում Մակարով ատրճանակով զինված երիտասարդը չկարողացավ ճողոպրել պարեկներից. 2 տարի առաջ էլ չէր կարողացել փախչել Սեւանի ոստիկաններից. 2 դեպքով էլ հայտնաբերվել է մարտական վիճակի բերված Մակարով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 25–ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ​ոստիկանության պարեկային ծառայության Երեւան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի վաշտի պարեկներ Սամվել Սողոմոնյանն ու Դավիթ Ասատրյանը ժամը 03:00-ի սահմաններում Փարպեցի եւ Պուշկին փողոցների խաչմերուկում հերթական ծառայութունը կատարելիս նկատում են մի երիտասարդի, ով պարեկների մոտ կասկած է առաջացնում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները քաղաքացուն խնդրում են, որպեսզի վերջինս կանգնի, ու մինչ պարեկները կմոտենային նրան, նա դիմում է փախուստի:

Պարեկները մոտ 300 մ հետապնդում են նրան ու կարճ ժամանակում վնասազերծում, սակայն փախուստի ժամանակ քաղաքացին իր մոտ եղած բարսետկայի մեջից կասկածելի իր է հանում ու շպրտում:

Պարզվում է, որ նա պայուսակից շպրտել է Մակարով տեսակի ատրճանակ: Ահազանգով լրացուցիչ դեպքի վայր են ժամանում 4-րդ գումարտակի հրամանատար Արմեն Գասսպարյանն ու գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանը:

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից ժամանում է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:

Պարեկները սահմանազատում են տարածքը, որտեղ արդեն դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնի քննիչները՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետի հետ:

Պարզվում է՝ Մակարով տեսակի ատրճանակը եղել է լիցքավորված՝ մարտական դիրքի բերված:

Դեպքի փաստով Քննչական բաժնում​ նախաձեռնվել է քրեական վարույթ: Տղամարդը, քննիչի որոշմամբ, ձերբակալվել է: Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչները, Կենտրոնի ոստիկանները՝ բաժնի պետ Ա. Նիկոյանի եւ Երեւան քաղաքի գնդի պարեկները՝ 4-րդ գումարտակի հրամանատար Ա. Գասպարյանի գլխավորությամբ, պարզել են, որ այդ տղամարդը Տավուշի մարզի բնակիչ, 31-ամյա Էրիկ Դանիելյանն է:

Գ. Շամշյանի​ տեղեկություններով, սա առաջին դեպքը չէ, որ նրա մոտ հայտնաբերվել է Մակարով տեսակի ատրճանակ:

2021թ-ի հունվարի 21-ին ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ, Սեւան քաղաքում ծառայության ընթացքում նրան հայտնաբերել են Սարգիս Սեւանեցու​ 15 շենքի հարակից ավտոտնակների մոտ, ու մեկ այլ արարք կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Սեւանի բաժին:​ Բերման ենթարկելու ժամանակ նա իր աջ գոտկատեղից ձյան մեջ է նետել զենքի նմանվող առարկա եւ գլխին գտնվող գլխարկ-դիմակը: Այդ ժամանակ պարզվել է, որ զենքը, որը նա նետել է, Մակարով տեսակի ատրճանակ է եղել: Եւ այդ դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սեւանի քննչական բաժնում այն ժամանակ հարուցվել էր քրեական գործ ու այդ գործը ուղարկվել էր դատարան: Տեղում պարզվել էր նաեւ, որ կանաչ գույնի գործվածքը աչքերի եւ բերանի հատվածներում բացվածքներով դիմակ-գլխարկ է․ դա եւ Մակարով տեսակի ատրճանակը, որը լիցքավորված էր եղել 6 հատ 9մմ տրամաչափի փամփուշտներով, քրեական գործի հետ նույնպես ներկայացվել էին դատարան:

Ինչպես ասում է ժողովրդական խոսքը, այստեղ են ասում. «կարմիր կովն իր կաշին չի փոխի, կամ սեւին սապոնն ինչ անի, խեւին խրատը»:

Լուսանկարները՝ Գեւորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր