211652_close_icon
views-count46163 դիտում article-date 21:37 27-03-2023

Արտակարգ դեպք Երևանում. բախվել են Nissan-ն ու Range Rover-ը. վերջինը կոտրել է գազախողովակի հենասյունը և բետոնե էլեկտրասյունը. Նորք-Մարաշի մի քանի փողոցների տներ ժամանակավորապես հոսանքազրկվել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 19:00-ի սահմաններում Արմենակյան փողոցում՝ 13-րդ և 8-րդ փողոցների խաչմերուկում, բախվել են Երևանի բնակիչ, 48-ամյա Հազարապետ Ոսկանյանի վարած Range Rover մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 63-ամյա Տիգրան Գինոսյանի վարած Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Range Rover-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի երկաթե հենասյանը, կոտրել այն, ապա առաջ ընթացել, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն ևս և հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել և երթևեկությունը ժամանակավորապես դադարեցրել են նույն վաշտի պարեկներ Մարինե Հարությունյանն ու Կարեն Սայադյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները:

Էլեկտրասյան վնասվելու պատճառով Նորք-Մարաշում մի քանի փողոցների տներ հոսանքազրկվել են ու այս պահին էլ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները անհրաժեշտ աշխատանքներն են կատարում և իրենց հետ բերել են նաև նոր բետոնե սյուն, որպեսզի կոտրվածը փոխարինվի նորով և վերականգնվի էլեկտրամատակարարումը:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի ներկայացուցիչները, ովքեր աշխատանք են կատարում գազախողովակի կոտրված հենասյունը նորով փոխարինելու ուղղությամբ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 211+
211+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր