211652_close_icon
views-count19165 դիտում article-date 20:05 07-04-2023

Երևանի փոխքաղաքապետի, Արաբկիր թաղապետի ու Սանմաքրման բաժնի պետի գլխավորությամբ՝ 7 ժամում Մամիկոնյանց - Ա․ Խաչատրյան փողոցները կապող հատվածից հեռացվեց մի քանի բեռնատար աղբ․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Վերջին ամիսներին «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի սանմաքրման բաժնի աշխատակիցները աշխատում են բավականին գերլարված։ Պատճառը մայրաքաղաքի որոշ թաղամասերի բնակիչների փնթի վերաբերմունքն է։ 

Այդ քաղաքացիները «խոզի» հոգեբանությամբ աղտոտում են միջավայրը, անգամ այն դեպքում, երբ իրենց տներից մի քանի քայլ այն կողմ Երևանի քաղաքապետարանն ու վարչական շրջանները տեղադրել են հատուկ աղբամաններ։ Իսկ նման բնակիչներին կարելի է հիշել «սևին սապոնն ինչ կանի, խևին՝ խրատը» հայտնի ասացվածքով։

Երեկ՝ ապրիլի 6-ին, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի և «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի բաժնի պետ Հայկ Մուրադյանի գլխավորությամբ՝ սանմաքրման բաժնի և Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցները մոտ 7 ժամից ավելի Մամիկոնյանց փողոցից դեպի Արամ Խաչատրյան փողոց տանող նոր բացված ճանապարհին հարակից տարածքներից հեռացրեցին բնակիչների կողմից թափված մի քանի բեռնատար աղբ, որից հետո Հ․ Մուրադյանի գլխավորությամբ սանմաքրման մաքրուհիները կատարեցին մաքրման աշխատանքներ, ովքեր էլ իրենց հերթին 200-ից ավելի պարկ աղբ հեռացրեցին։

Մնում է՝ բնակիչները գնահատեն նշված անձանց կողմից կատարված բարի գործը ու տարածքը նորից չաղտոտեն։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, երբ Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի մասնակցությամբ բացվեց Մամիկոնյանց փողոցից դեպի Արամ Խաչատրյան փողոց տանող հատվածը, Տ. Ավինյանն ու Ա. Ազատյանը բացման օրը բնակիչներին մատնացույց էին անում ճանապարհն  ու ասում, որ սա մայրաքաղաքի ամենաորակյալ ճանապարհներից մեկն է դառնալու: Ճիշտ է ինքը կարճ հատված է, բայց երբեք հակասանանիտարական վիճակ չի տիրի: Ապրիլի 3-ին տեղում պարզել էինք, որ Տ. Ավինյանն ու Ա. Ազատյանը գուցե կարմիր մոլորակից են իջել, քանի որ ճանապարհի բացման օրվանից մինչ օրս նշված հատվածում աղբը շարունակում էր ավելանալ, ինչի պատճառով էլ տարածքում արդեն տիրում էր գարշահոտություն:  Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած նիստի ժամանակ էլ Տ. Ավինյանը նոր ոճով էր ներկա նիստին (սափրվել էր, եւ ինչպես ժողովուրդն է ասում՝ մաքրված, կոկիկ), իսկ նրա բացած ճանապարհի աղբը թե երբ կմաքրվի՝  միայն Աստծուն է հայտնի:

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 141+
141+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր