211652_close_icon
views-count84263 դիտում article-date 16:38 14-04-2023

Արտակարգ իրավիճակ Երևանում․ իրանցի վարորդին մի քանի ժամ օգնություն ցուցաբերեցին փրկարարներն ու պարեկները․ բեռնատարը լռվել էր Մյասնիկյան պողոտայի թունելի սկզբնամասում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 14-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Իրանական համարանիշներով Foton մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ռասուլ Մոգադասիֆադը, Աբովյան փողոցից դեպի Մյասնիկյան պողոտա ընթանալիս, բեռնատարով արգելափակվել է թունելի սկզբնամասում, ինչի պատճառով երթևեկությունը նշված վայրում կանգնել է։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Պետրոսյանի գլխավորությամբ։ 

Գրեթե 2 ժամ փրկարարներն ու պարեկները աշխատանքներ կատարեցին, այդ թվում՝ իջեցնելով բեռնատարի անվադողերը, ճոպանի և KamAZ բեռնատարի միջոցով փորձեցին դուրս բերել մեքենան։ Ի վերջո՝ ժամեր անց փրկարարներն ու պարեկները կրարողացան այն դուրս բերել արգելափակումից և տեղափոխել անվտանգ վայր։ 

Իրանցի վարորդը կիսահայերեն-կիսապարսկերեն բառերով իր շնորհակալությունն էր հայտնում  փրկարարներին ու պարեկներին, ասելով․ «Դեպքի մասին ասել եմ իմ գործընկերներին, ովքեր խոստացան մոտենալ, բայց 3 ժամից ավելի է՝ դեռ չեն եկել։ Իսկ այդ 3 ժամվա մեջ փրկարարներն ու պարեկները իսկապես օգնության ձեռք մեկնեցին ինձ։ Գնամ Իրան, ոչ միայն պատմելու եմ, այլ հեռախոսովս արված ֆոտոներն եմ ցույց տալու, որ տենան՝ ինչ տղերք են Հայաստանի փրկարարները, պարեկները, ու մեկ էլ KamAZ-ի էն ջահել տղեն, որ էդ մարդը իր գործը թողած, մի քանի ժամ ինձ էր օգնում»,- ու պարսկերեն շնորհակալություն էր հայտնում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր