211652_close_icon
views-count26054 դիտում article-date 13:02 15-04-2023

Արտառոց վթար Երևանում․ Mini Cooper-ն անցել է հետիոտնի ճանապարհով և մոտ 2 մետր բարձրությունից հայտնվել իրավաբանական գրասենյակներից մեկի դռան մոտ․ կա վիրավոր․ մեքենան դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 15-ին, արտառոց ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Mini Cooper մակնիշի ավտոմեքենան Վարդանանց փակուղի 8-րդ շենքի մոտ դուրս է եկել հանդիպկաց երթևեկելի գոտի, անցել հետիոտնի համար նախատեսված վայրով ու մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու բախվել նշված շենքի 1-ին հարկում գործող իրավաբանական ընկերություններից մեկի դռանը։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, որը կինը, բժշկական հետազոտություն ստանալու նպատակով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վարորդին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Ալեքսան Գասպարյանն ու պարեկ Վահե Մուրադյանը։ 

Վթարի մասին Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Պարեկային ծառայություն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր