211652_close_icon
views-count1024 դիտում article-date 09:47 30-04-2023

Ռուսաստանը հայ հանրության կողմից դադարել է ընկալվել որպես «վստահելի դաշնակից». «Ամերիկայի ձայն»

Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը հակասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև զինադադարի համաձայնությանը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ մամլո ասուլիսի ընթացքում հայտարարեց Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան։ Փարիզն անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով տեղաշարժի խոչընդոտումը և հայտարարում, որ նման գործելաոճը խոչընդոտում է բանակցություններին։ Ֆրանսիան հույս է հայտնել, որ Քիշնևում, ուր հունիսի 1-ին նախատեսված է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ հանդիպումը, կընթանան բանակցություններ Երևանի ու Բաքվի միջև: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Ադրբեջանը Ֆրանսիայի արտգործնախարարի պնդումները որակել է «անհիմն և անընդունելի»: «Կողմնակալ մոտեցում դրսևորելու փոխարեն ավելի օգտակար կլինի, եթե Ֆրանսիա խրախուսի Հայաստանին կատարել համաձայնագրերից բխող իր պարտավորությունները և զսպել Ադրբեջանի դեմ սադրանքները», - նշված է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ:

Բացի այդ, այսօր հայտնի դարձավ, որ Էկոակտիվիստ ներկայացող ադրբեջանցիները, որոնք ավելի քան հարյուր օր արգելափակված են պահում Լաչինի միջանցքը, ադրբեջանական մամուլի հաղորդմամբ, հայտարարել են Լաչինի միջանցքում ակցիաները ժամանակավորապես դադարեցնելու մասին:

Հայաստանն իր հերթին շեշտում է, որ «այն ինչ Ադրբեջանը արել է և շարունակում է անել Լաչինում բացարձակապես ապօրինի է» և հակասում է Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված միջանկյալ վճռին: Ըստ հայկական կողմի՝ Լաչինի վերաբերյալ պայմանավորվածություններն արտացոլված են 2020թ. նոյեմբերի եռակողմ հայտարարության մեջ, իսկ Լաչինի միջանցքի ռեժիմի վերաբերյալ նոր բանակցություններին Հայաստանը երբեք չի պատրաստվել և չի պատրաստվում ներգրավվել:

Հակարիի կամրջի վրա ադրբեջանական անցակետի տեղադրումից օրեր անց այս խնդրին անդրադարձավ նաև Հայաստանի վարչապտ Նիկոլ Փաշինյանը, ով կառավարության նիստին հայտարարեց, որ Ադրբեջանի «սադրիչ» այդ քայլը միտված է տարածաշրջանում լարվածության մեծացմանն ու Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի խորացմանը: Ըստ վարչապետի՝ բացի Ռուսաստանի Դաշնությունից որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի:

«Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքը և այսպիսով ապահովի միջանցքի բնականոն գործունեությունը»,- շեշտել է նա:

Հայտնի է, որ այս խնդիրը վարչապետ Փաշինյանը վերջերս քննարկել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բացի այդ, ՌԴ արտգործնախարարության տեղեկությամբ՝ Ռուսաստանում նախատեսվում է ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում, որի շուրջ արդեն կան համաձայնություններ, սաայն ժամկետները համաձայնեցվում են: Հայկական կողմը հաստատել է հանդիպման մասին տեղեկությունը:

ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան կառուցողական չի որակում Ռուսաստանի ներգրավվածությունն այս հարցերում:

«Մենք, իհարկե, չենք կարող ակնկալել, որ Ռուսաստանն այստեղ կհանդիսանա ազնիվ միջնորդ՝ հաշվի առնելով այն, ինչ արել է նախագահ Պուտինը Ուկրաինայի ժողովրդի հետ: Նա պատերազմական հանցագործ է»,- ասում է կոնգրեսականը:

Կոստան ընդգծում է՝ Ադրբեջանի կառավարությունը, հաշվի առնելով իր նախկին գործողությունները, օգտագործում է նույն մարտավարությունը ինչ Մոսկվան՝ կարծելով, որ աշխարհի ուշադությունը շեղված է Ուկրաինայի պատերազմով, որը նրան թույլ է տալիս շարունակել խախտել հրադադարի պայմանագրով իր պարտավորությունները:

Իր հերթին, բրիտանական հայտնի Economist ամսագրի վերլուծական բաժինը՝ Economist Intelligence Unit-ը (EIU) «Ադրբեջանն անցակետեր է տեղադրել Լաչինի միջանցքում» վերնագրով հոդվածում նշում է, որ նոր տեղադրված անցակետը դժվար կլինի հեռացնել:

«Ադրբեջանը կշարունակի ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրա՝ նպատակ ունենալով ստիպել նրան ընդունել իր պահանջները և ճանաչել Բաքվի ինքնիշխանությունն ամբողջ Լեռնային Ղարաբաղի վրա... Ի հավելումն մարդասիրական հետևանքների, նման քայլը, հավանաբար, էլ ավելի կապակայունացնի հայաստանյան քաղաքական դաշտը, քանի որ ներկայիս իշխանությունները կդիտարկվեն որպես հայկական տարածքների անբաժան մասը համարվող հատվածի հանձնողներ «թշնամուն»,- գրում է EIU-ը:

Հրապարակումը նկատում է, որ անցակետի տեղադրումն էլ ավելի կսրի առանց այն էլ լարված դաշնակցային հաաբերությունները Երևանի ու Մոսկվայի միջև: Ռուսական կողմի պասիվությունն անցակետի տեղադրման խնդրում հարցեր է առաջացնում, քանի որ միջանցքի վերահսկողությունը ռուսական ուժերի պարտավորությունն է: Անցակետի տեղադրումից 24 ժամ անց ՌԴ ԱԳՆ-ի հայտարարույունը, ըստ EIU-ի, բավականին չեզոք էր և ընդամենը կոչ էր անում պահպանել նոյեմբերյան հրադադարի դրույթները:

«Սա, հավանաբար, ավելի կխաթարի Հայաստանի վստահությունն իր առերևույթ անվտանգության երաշխավորների նկատմամբ, որոնք բազմիցս ապացուցել են, որ չեն կարող կամ չեն ցանկանում վճռականորեն գործել Լեռնային Ղարաբաղում»,- փաստում է EIU-ը:

Վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների նկատմամբ հարձակումներին Ռուսաստանի արձագանքի բացակայությունը ցույց տվեց Մոսկվայի անվստահելիությունը՝ հատկապես հաշվի առնելով, որ հարձակման էր ենթարկվել Հայաստանի սուվերեն տարածքը: Ըստ նրա, Լեռնային Ղարաբաղում էլ ադրբեջանական զինուժը շարունակում է հակադրվել ռուս խաղաղապահներին և խախտել Ռուսաստանի կողմից պարտադրված զինադադարի պայմանագիրը։

«Այս համատեքստում Հայաստանի հանրային կարծիքը հստակ գիտակցում է, որ Ռուսաստանն այլևս չի ընկալվում որպես անվտանգության հուսալի մատակարար, ինչպես դիտվում էր նախկինում»,- ասում է Ռիչարդ Կիրակոսյանը:

Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթնոսկին ևս համակարծիք է՝ ՌԴ դադարել է ընալվել հայ հանրության կողմից որպես «վստահելի դաշնակից», քանի որ Երևանը երկար ժամանակ Մոսկվայից ակնկալել է լուրջ աջակցություն, որը չի ստացել, հատկապես իր տարածքների վրա հարձաման ժամանակ:

«Այսպիսով հայ հանրության ու կառավարության համար պարզ է, որ Ռուսաստանը կամ ի վիճակի չէ օգնել Հայաստանին Ուկրաինայում իր բոլոր խնդիրների պատճառով, ինչը, կարծում եմ, հավանաբար, մասամբ այդպես է, կամ չի ցանանում անել դա»,- պնդում է Սթրոնսկին:

Վերջինիս կարծիքով պատերազմը Ուկրաինայում բացասական է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա։

«Կարծում եմ՝ ակնհայտ դարձավ, որ Հայաստանը երկրորդական կարգի հարց է Մոսկվայի համար, հատկապես այն շրջանում, երբ վերջինիս կարողությունները սահմանափակված են Ուկրաինայի պատերազմի հետևանքով: Դա խրախուսում է նաև ադրբեջանական նոր սադրանքները։ Բաքուն օգտվում է Մոսկվայի ուշադրության շեղումից և արձագանքելու անկարողությունից»,- նկատում է Սթրոնսկին։

Վերլուծաբանն ընդգծում է, որ այդ է պատճառը, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայվում են Երևանի կողմից: Ընդգծելով, որ դեռևս չափազանց անորոշ է երբ և ինչպես կավարտվի պատերազմը Ուկրաինայում՝ վերլուծաբանը նկատում է, որ այդ պատերազմը, անշուշտ, փոխում է Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը ողջ տարածաշրջանում՝ խրախուսելով նախկին խորհրդային երկրների ապագաղութացման մտածողությանը ու այլընտրանքներ գտնելու ցանկությանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր