211652_close_icon
views-count29711 դիտում article-date 11:30 10-05-2023

Վանաձորում ոստիկանների ու պարեկների օպերատիվ աշխատանքի շնորհիվ կանխվեց «Նավակ» ռեստորանում խնջույքի մասնակիցների հետագա գործողությունները․ բանը չհասավ կրակոցների․ հայտնաբերվել են «Մակարով» ատրճանակ ու դանակ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ մայիսի 9-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Դավթի Պետրոսյանի գլխավորությամբ և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ, Լոռու մարզում կանխել են մի խումբ անձանց միջև տեղի ունեցած «ռազբորկան»։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և Ոստիկանության Բազումի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բոշյան փողոցում գտնվող «Նավակ»  ռեստորանային համալիրում խնջույքի մասնակիցների միջև ծոծկռտուք է տեղի ունենում։ 

Ոստիկաններն ու պարեկները օպերատիվորեն ժամանում են նշված վայր, որտեղ պարզվում է՝ ռեստորանում Հաղթանակի օրվա խնջույքի ժամանակ վիճաբանություն է տեղի ունենում 28-ամյա Արգամ Քոչարյանի, 19-ամյա Արա Քոչարյանի միջև, ովքեր, ըստ Գ․ Շամշյանի տեղեկությունների՝ եղբայրներ են։ Ապա խնջույքի մյուս մասնակիցները՝ 27-ամյա Արայիկ Օհանյանը,  30-ամյա Արկադի Մխիթարյանը, 30-ամյա Խորեն Վիրաբյանը փորձել են եղբայրներին հանդարտեցնել, սակայն դա չի սթափեցրել եղբայրներին, և սկսել են միմյանց փոխադարձ հարվածներ հասցնել։

Ոստիկաններն ու պարեկները օպերատիվ գործողությունների արդյունքում հենց տեղում՝ ռեստորանային համալիրի մոտ ձերբակալում են Քոչարյան եղբայրներին, 23-ամյա Դավիթ Գաբրիելյանին, որի մոտ հայտնաբերվում է ծալովի դանակ։ Ու երբ պարեկները վնասազերծում են նրան և նստեցնում Պարեկային ծառայության ծառայողական ավտոմեքենան, Դ․ Գաբրիելյանի տաբատի գոտկային հատվածից ընկնում է «Մակարով» տիպի ատրճանակ։ 

Վերջինս արդեն հայտնում է, որ այդ ատրճանակը իր կնոջ հայրիկինն է՝ 51-ամյա Սեյրան Կարապետյանինը, և այն ընկել է Ս․ Կարապետյանի մոտից՝ վիճաբանության ժամանակ, և ինքն այն վերցրել է, որ փոխանցի նրան։

Ռեստորանային համալիրում ուժեղացված ծառայություն են կատարել ՊԾ Լոռու գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ պարեկ Անի Դալլաքյանը, պարեկներ՝ Սպարտակ Մարտիրոսյանը, Դավիթ Հովհաննիսյանը, կրտսեր պարեկներ Արտակ Պապիկյանը, Մարտուն Հակոբյանն ու Արեն Գալստյանը։ Վերջիններս նաև կարողացել են կանխել վիճաբանության հետագա զարգացումները, քանի որ ռեստորանում գտնվող խնջույքի մասնակիցների մեծ մասը եղել են գինովցած։ 

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ռեստորանում գտնվող մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Լրիվ Մի կաթիլ մեղրի պատմություն։ Մարդիկ հանգիստ նշում էին Հաղթանակի տոնը։ Ո՞նց կլինի, որ մեջները մեկը չլինի, որ հարամի էդ տոնը։ 2 ախպեր էին, իրար ինչ ասես՝ չասին։ Մասնակիցները խնդրեցին, որպեսզի կա՛մ չշարունակեն, կա՛մ դուրս գան ռեստորանից։ Բայց դա դրանց դուր չեկավ։ Սկսեցին ավելի լկտի պահվածք ցուցաբերել։ Իրավիճակը ավելի էր շիկանում։ Բայց լավ էր՝ թե որտեղից մլիցեքն ու պարեկներն իմացան, ու ժամանակին եկան, ու կանխվեց ռազբորկան։ Հաստատ՝ եթե մի քիչ ուշանային՝ տոնը վերածվելու էր ․․․ Նկատի ունենք, որ էնքան հարբած էին, որ չէին ջոկում ինչ են անում։ Մանավանդ՝ հա՛մ դանակ կար, հա՛մ ատրճանակ։ Էդ ատրճանակն էլ հո չէր պահել, որ գնար սահման։ Լավ էր՝ ոստիկաններն ու պարեկները սաղին հավքին, տարան»։

Դեպքի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր