211652_close_icon
views-count13501 դիտում article-date 18:55 13-05-2023

«Արդար Հայաստան» կուսակցությունը Նորիկ Նորիկյանին կառաջադրի Երևանի քաղաքապետի թեկնածու․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Արդար Հայաստան» կուսակցությունը Նորիկ Նորիկյանին կառաջադրի Երևանի քաղաքապետի թեկնածու։

«Հարգելի՛ հայրենակիցներ

Գնահատելով Նիկոլ Փաշինյանի իշխանության հնգամյա գործունեությունը՝ «Արդար Հայաստան» կուսակցությունը այսօր տեղի ունեցած ընդլայնված համաժողովի ընթացքում արձանագրել է հետևյալը․

-2018թ. այս օրերին հայ ժողովուրդն ապրում էր երջանիկ ակնթարթներ, հեռացել էր նախորդ քաղաքական ռեժիմը, հույս էր արթնացել։
Փայլուն հնարավորություն էր ստեղծվել․

- Կառուցել տարածաշրջանի ամենազարգացած ու հեռանկարային պետությունը,

-Նախաձեռնել մեծ ներգաղթ,

-Հայաստանը դարձնել տեխնոլոգիապես զարգացած, տարածաշրջանային կրթական ու զբոսաշրջային կենտրոն,

-Կազմավորել մարտունակ ու պրոֆեսիոնալ բանակ, հուսալի պաշտպանական համակարգ, ինչպես նաև արդյունավետ պետական կառավարում ունեցող պետական իշխանություն։

-Անշրջելի դարձնել սահմանադրականության գաղափարաբանությունը, ստեղծել ամբողջությամբ կոռուպցիայից զերծ արդյունավետ կառավարում, վերացնել քաղաքական կոռուպցիան, ապահովել ժողովրդավարության և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների կենսագործունեությունը:

Սակայն Նիկոլ Փաշինյանը նախընտրեց գնալ իր նախորդների ճանապարհով ու տանուլ տվեց, արդյունքում՝ նրա կառավարման ժամանակահատվածը, ցավոք սրտի, պետք է բնորոշել որպես ձախողումների, կորուստների, տապալումների և աղետի ժամանակաշրջան՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ տարբեր պատճառներով։

Չափից դուրս մտահոգիչ է, որ ժողովրդավարության ու ազատության քողի տակ լկտիությունն ու սանձարձակությունը դարձել է կյանքի նորմ, խեղվել է տղամարդու ու կնոջ կերպարը, մեր հասարակության մեջ փոխվում է ընտանիքի, մեծի ու փոքրի, կրթության, պետության ու հայրենիքի պաշտպանության ընկալումը։

Նախորդ 5 տարիների ընթացքում ամբողջությամբ փլուզվեց ՀՀ պաշտպանական համակարգը։

Գործող իշխանությունը չունի՛ Արցախի հակամարտության կարգավորման սեփական օրակարգ, չունի՛ Ադրբեջանի և Թուրքայի հետ հարաբերությունների կարգավորման համապարփակ հայեցակարգ, չունի՛ արտաքին քաղաքական ռազմավարություն, Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերությունները գտնվում են անրոշության ու վստահության անկման փուլում, որից Հայաստանը որևէ կերպ չի շահում։

Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրը փխրուն է, արցախահայությունը կանգնած է էթնիկ զտման վտանգի առաջ, իսկ Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ իրական վտանգի առաջ։

Ուրվագծված չէ բանակի զարգացման մոդելը, Հայաստանը չունի նոր ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգ ու որակապես նոր ռազմական դոկտրի։

Հայաստանի առջև ծառացած արտաքին սպառանալիքները վերջին 5 տարիներին ոչ միայն չի պակասել, այլև ճիշտ հակառակը՝ դարձել են գոյաբանական։

Բացի այդ, «Արդար Հայաստան» կուսակցությունը, առանձնակի կարևորելով Երևանի դերն ու նշանակությունը մեր պետության համակարգային զարգացման գործընթացում, իսկ Երևանի ավագանու գործոնը դիտարկելով կարևորագույն միջոց՝ մայրաքաղաքի բնականոն զարգացումն ապահովելու տեսանկյունից, համոզմունքով, որ այլընտրանքային քաղաքական ուժի հաջողությունն ու ներկայիս պայմաններում ընդդիմադիր քաղաքապետ ունենալու իրողությունը կարող է որոշակիորեն հավասարակշռել խախտված քաղաքական դաշտը, նպաստել առողջ մրցակցության ապահովմանը, ինչն իր հերթին դրականորեն կազդի մեր պետության ընդհանուր զարգացմանը։

Բացի այդ, բացառելով իշխող ուժի կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրվող Տիգրան Ավինյանի և նախկին իշխանությունների որևէ ներկայացուցչի կամ նրանցից սերված որևէ սուբյեկտի քաղաքապետ ընտրվելու հնարավորությունը,

Գտնելով, որ քաղաքական դաշտի ներկայիս պայմաններում Երևանը պետք է ունենա խելացի, ինտելեկտուալ, չվարկաբեկված, կոռուպցիոն որևէ գործընթացում չթաթախված, Երևանն իրապես սիրող և Երևանի այլընտրանքային զարգացման հայեցակարգ ունեցող ու այն կատարելուն ունակ քաղաքական որակներ ունեցող քաղաքապետ, որոշել է մինչև օրենքով սահմանված կարգով ընտրական ցուցակը հաստատելը, պատվիրակել կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանին՝ քաղաքական ուժերի ու անհատների հետ քաղաքական խորհրդակցությունների արդյունքում հասնել Երևանի քաղաքապետի ընդունելի թեկնածուի առաջադրմանը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանին առաջադրել Երևանի քաղաքապետի թեկնածու»։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 151+
151+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր