211652_close_icon
views-count12082 դիտում article-date 10:15 18-05-2023

Շղթայական ավտովթար Երևանում․ «Փակ շուկայի» մոտ բախվել են Mercedes-ը, Toyota Corolla-ն, Toyota Vitz-ը, Volkswagen Passat-ն ու Nissan-ը․ կա 7 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։25-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ «Փակ շուկայի» հարևանությամբ բախվել են 29-ամյա Ժորա Հակոբյանի վարած Volkswagen Passat մակնիշի, 39-ամյա Մամիկոն Գրիգորյանի վարած Toyota Corolla մակնիշի,  34-ամյա Կարեն Նալբանդյանի վարած Toyota Vitz մակնիշի, 29-ամյա Արտուշ Պետրոսյանի վարած Nissan մակնիշի և դեռևս ինքնությունը չպարզված քաղաքացու մարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով՝ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել՝ մի մասը Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, մի մասը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, մի մասն էլ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել և հերթապահություն են իրականացրել նույն վաշտի ավագ պարեկ Աշոտ Ստեփանյանն ու կրտսեր պարեկ Հայկ Միքայելյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են Mercedes-ի վարորդի և վիրավորների ինքնությունը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+

Նմանատիպ նյութեր