211652_close_icon
views-count12478 դիտում article-date 17:04 01-06-2023

«Հաջորդ կայարանը՝ Մանկություն». Հունիսի 1-ը փոքրիկների համար իրական տոնի էր վերածվել Երևանի մետրոպոլիտենում․ MediaHub

Նվերներ, շնորհավորանքներ և բարձր տրամադրություն: Հունիսի 1-ը փոքրիկների համար իրական տոնի էր վերածվել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում։ MediaHub-ի ֆոտոլրագրող Գեղամ Մկրտչյանը օրն անցկացրեց երեխաների հետ և ֆիքսեց լավագույն ակնթարթները:

Երևանի մետրոպոլիտենը, գեղեցիկ ավանդույթի համաձայն, Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հյուրընկալ էր երեխաներին։ Հյուրերի թվում էին նաև Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաները։

Մետրոպոլիտենը կարծես մանկության մոլորակ լիներ, ուր գերիշխում էին միայն ուրախ տրամադրությունն ու հեքիաթային վառ գույները։ Տոնական օրվա կապակցությամբ մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանից հեքիաթային գնացքն ուղևորվեց դեպի «Երիտասարդական» կայարան։ 

Շրջայց կատարելով կայարանային համալիրում՝ փոքրիկ ուղևորները ծանոթացան  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններում բնակվող երեխաների ձեռքի աշխատանքներին։

Մուլտհերոսների, ծաղրածուների ու սպասված հեքիաթի հերոսների ուղեկցությամբ հեքիաթային գնացքը ուղևորվեց դեպի «Հանրապետության հրապարակ», որտեղ երեխաները մեծ սիրով ու ոգևորվածությամբ ծանոթացան իրենց տաղանդավոր հասակակից ընկերների ձեռքի աշխատանքներին․ ներկաներից շատերն էլ տեսան իրենց ստեղծագործությունները։

Փոքրիկ նկարիչների աշխատանքներում կարելի էր տեսնել խաղաղության աղավնիներ, տուն ու ընտանիք պատկերող նկարներ, ծաղիկներ, դիմանկարներ ու ինքնանկարներ։  
Օրվան նվիրված ցուցահանդեսին ներկայացված են ավելի քան 70 նկար՝ պատրաստված Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի, Գավառի մանկատան, Խարբերդի մասնագիտացված մանկատան, Գյումրու երեխաների տան, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության, Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության  և Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների սաների կողմից։

Հունիսմեկյան տոնախմբությունը շարունակվեց մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի շատրվանների մոտ, որտեղ երեխաները նկարվեցին իրենց սիրելի հերոսների հետ, պարեցին, երգեցին, մասնակցեցին մրցույթների, համտեսեցին ամենահամեղ պաղպաղակն ու ստացան փոքրիկ նվերներ մետրոպոլիտենի անձնակազմի կողմից։ 

Շնորհավորելով երեխաներին Հունիսմեկյան տոնի առթիվ՝ մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը մաղթեց  անհոգ և երջանիկ մանկություն, բարօրություն և արժանապատիվ ապագա:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր