211652_close_icon
views-count70597 դիտում article-date 17:25 07-06-2023

Երեկ Երևանում հրազենի գործադրմամբ սպանված «Գնունեցի Վարազիկը» անցնում էր ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր կրակոցների գործով. Armlur.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ArmLur.am-ին  հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ երեկ Երևանի Բաղրամյան պողոտայում սպանված Վարազդատ Գասպարյանը որպես մեղադրյալ ներգրավված է եղել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի քրեական գործով:  Իսկ հիմա ամեն ինչի մասին ամենասկզբից:

Երեկ shamshyan.com-ը գրել էր, որ հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում՝ Բաղրամյան պողոտայից դեպի Ջեյմս Բրայսի փողոց տանող հատվածում՝ թիվ 8-րդ պոլիկլինիկայի հարևանությամբ: Սպանվածը Երևան քաղաքի Վարդանանց փողոցի բնակիչ՝ 35-ամյա Վարազդատ Գասպարյանն է, ով հայտնի է «Գնունեցի Վարազիկ» անունով:

Արդյունքում ArmLur.am -ին հայտնի դարձավ, որ մինչ սպանությունը Վարազդատ Գասպարյանն անցել է եւս մեկ քրեական գործով: Մասնավորապես 2021 թվականի հուլիսի 18–ին կրակոցներ էին հնչել Ամիրյան փողոցի` դեպի Սարյան տանող հատվածում, ԱԱԾ Երևանի վարչության դիմաց. կրակել էին սև Mazda 6 մակնիշի ավտոմեքենայից:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, նշված վայրում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի բնակիչներ 51-ամյա Ռոբերտ Սուքիասյանի, 47-ամյա Արման Ապիյանի, 33-ամյա Վարազդատ Գասպարյանի, 29-ամյա Սարգիս Աբգարյանի և մյուս կողմի՝ Երևանի բնակիչ 35-ամյա Նարեկ Կարապետյանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 42-ամյա Հարութ Հաբգարյանի միջև:

Ըստ ձեռք բերված տեղեկությունների՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, իր մոտ եղած հրազենից կրակոցներ էր արձակել, ինչի հետևանքով Հ. Հաբգարյանը ոտքի շրջանում ստացել է հրազենային վնասվածք։

Այս գործով մեղադրյալի աթոռին էր հայտնվել Ռոբերտ Սուքիասյանը, որին մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, խուլիգանական մղումներով, հասարակության և բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարանքի հողի վրա, հասարակական վայրում ուղղակի դիտավորությամբ խուլիգանություն կատարելու համար:

Մեղադրյալի աթոռին էր հայտնվել նաեւ Վարազդատ Գասպարյանը, որին երեկ սպանեցին Երևանի կենտրոնում, նրան էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2021 թվականի հուլիսի 18-ին հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, խուլիգանական մղումներով, հասարակության և բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարանքի հողի վրա, հասարակական վայրում ուղղակի դիտավորությամբ կատարել է խուլիգանություն: Այս գործը դեռես դատարանում է քննվում եւ ահա երկու տարին անց մեղադրյալներից մեկին սպանում են այն էլ՝ կրակելով աչքին:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 6-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության  Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայից դեպի Ջեյմս Բրայսի փողոց տանող հատվածում՝ թիվ 8-րդ պոլիկլինիկայի հարևանությամբ, տղամարդու դի կա:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանը։

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Հակոբյանը:

Ժամանել է նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը գլխավորությամբ:

Ոստիկանները նշված վայրում հայնաբերել են հրազենային վնասվածքով տղամարդու դի: 

Ժամանել են նաև ՀՀ  ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատր Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի Քննչական կոմիտեի Առանձնապես  ծանր հանցագործությունների գլխավոր վարչության քննչական խումբը վարչության պետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ:

Տեղում են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Փորձաքրեագիտական վարչության փրձաքրեագետները:

Դեպքի փաստով սպանության հատկանիշներով  նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 255+
255+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր