211652_close_icon
views-count874 դիտում article-date 11:53 11-06-2023

Շոլցը և Ղարիբաշվիլին քննարկել են ԵՄ-ին Վրաստանի անդամակցության հեռանկարները

Բեռլինում հանդիպման ժամանակ Վրաստանի ԵՄ թեկնածուի կարգավիճակի հարցերն են քննարկել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին եւ Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը, տեղեկացրել է newsgeorgia.ge-ն։

Ղարիբաշվիլին, ըստ Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության, Շոլցին տեղեկացրել է «թեկնածուի կարգավիճակ ստանալու համար Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականների կատարման հարցում զգալի առաջընթաց գրանցելու մասին»։

«Լավ հանդիպում եմ ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Զրույցը վերաբերել է Վրաստանի ձեռք բերած առաջընթացին Եվրամիության անդամակցության գործընթացում, ինչպես նաեւ մեր երկրների միջեւ լավ գործընկերության հետագա ամրապնդմանը։ Մենք շնորհակալ ենք Գերմանիային Վրաստանին ամուր աջակցության համար ԵՄ ինտեգրման ճանապարհին։ Մենք հավատում ենք, որ այդ հարաբերությունները կամրապնդվեն շնորհիվ այն կարեւոր առաջընթացի, որին արդեն հասել է Վրաստանը»,- գրել է վարչապետը Թվիթերում։

Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ Շոլցը կոչ է արել արագացնել բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։

«Կանցլերն իր հերթին ընդգծել է, որ շարունակում է աջակցել Վրաստանին եւ կոչ է արել Վրաստանի կառավարությանն արագացնել բարեփոխումները»,- նշվել է հաղորդագրությունում։

Նշվել է նաեւ, որ Շոլցը խոսել է Վրաստանի հետ բազմապլան համագործակցության ընդլայնման, «անվտանգության եւ եվրոպական քաղաքականության ընթացիկ հարցերի, Ուկրաինայում ՌԴ ագրեսիվ պատերազմի հեռուն գնացող հետեւանքների մասին»։

Կանցլերն ընդգծել է, որ Գերմանիան շարունակում է աջակցել Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։

Նմանատիպ նյութեր