211652_close_icon
views-count23272 դիտում article-date 23:30 16-06-2023

Արտակարգ դեպք «Արարատցեմենտ» գործարանում․ գիպսաքարի հումքով բարձված բեռնատարը բեռնաթափելու ժամանակ կողաշրջվել է մեկ այլ բեռնատարի վրա․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` հունիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 19:10-ի սահմաններում «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, Սյունիքի մարզի բնակիչ 48-ամյա Գարիկ Կ․-ն «Shacman» մակնիշի բեռնատարով ինքնաթափում կատարելիս կողաշրջվել է Սյունիքի մարզի բնակիչ 25-ամյա Ալեն Ա․-ի կողմից կայանված Renault մակնիշի բեռնատարի խցիկի վրա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բեռնատարի վարորդ Ալեն Ա.-ն արգելափակվել է խցիկում։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի և քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել Ալեն Ա․-ին արգելափակումից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։ Բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին։

Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորը աշխատում են «Արարատցեմենտ» ՓԲԸ-ում, իսկ բեռնատարն էլ բարձված է եղել գիպսաքարի հումքով։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր