211652_close_icon
views-count1210 դիտում article-date 23:04 22-06-2023

ՄԻԵԴ-ը մերժել է երկու հայ զինծառայողների հարցով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու մասին Հայաստանի հայցը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Հայաստանի պահանջը՝ Ադրբեջանի կառավարության դեմ միջանկյալ միջոցներ կիրառել Բաքվի կողմից «ահաբեկչության, պետական սահմանն ապօրինի հատելու և այլ հանցագործությունների համար մեղադրվող» երկու զինծառայողների հարցով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Խոսքը մայիսի 26-ին անհետացած Հարություն Հովագիմյանի և Կարեն Ղազարյանի մասին է․  մարտական հենակետեր սնունդ ու ջուր փոխադրող զինծառայողների հետ կապն ընդհատվել էր։ Ադրբեջանական կողմը նրանց ներկայացնում է իբրև «դիվերսանտներ» և մեդադրում «հրազենի մաքսանենգության, ահաբեկչության, ազգային, ռասայական, սոցիալական և կրոնական ատելություն հրահրելու Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու» հոդվածներով:

Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն՝  Բաքուն ՄԻԵԴ-ին «ապացույցներ» է ներկայացրել առ այն, որ Ադրբեջանում «հայ զինծառայողների իրավունքները երաշխավորված են, և նրանց կյանքին կամ առողջությանը վտանգ չի սպառնում», իսկ եվրադատարանը, հիմնվելով Ադրբեջանի կառավարության դիրքորոշման վրա, մերժել է Հայաստանի դիմումը։

Հայաստանը ՄԻԵԴ էր դիմել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (Կյանքի իրավունք) և 3-րդ (Խոշտանգումների արգելում) հոդվածների հիմքով։

 

Նմանատիպ նյութեր