211652_close_icon
views-count87443 դիտում article-date 14:41 26-06-2023

Արտակարգ իրավիճակ Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում․ հավաքվածներն ասում էին․ «Թողնեիք՝ դրսի աշխատանքներն էլ Սամվել Ալեքսանյանն աներ, որ էսօր այդ վտանգի առաջ չկանգնեինք»․ ժամանել են փրկարարներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 26-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու փողոցում գործող Սուրբ Երրորդություն եկեղեցում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախրարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված եկեղեցու քիվը (կառնիզ) և դրան հարակից որոշ հատվածներում սալիկները թուլացած են և առկա է փլուզման վտանգ։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատի ավագ փրկարարներ Աղասի Ավետիսյանն ու Զուրաբ Վարդանովը։ 

Վերջիններս Դավիթաշենի փրկարարական ջոկատից ժամանած ավտոսանդուղքով ապամոնտաժում են իրենցից վտանգ ներկայացնող սալիկներն ու քարերը։ 

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Մի քանի օր առաջ մի քանի սալիկներ պոկվել ու ընկել են։ Մեկ հոգի թեթև վնասվածք ստացավ։ Էն էլ հրաժարվեց հիվանդանոց գնալուց։ Բայց էսօր արդեն նկատեցինք, որ ավելի են շատացել և ամեն պահի հնարավոր է՝ սալիկները թափվեն։ Եկեղեցին տարիներ առաջ է կառուցվել։ Էն ժամանակ դեռ շինարարներին ասում էինք, որ դրսի էդ քարերն ու սալիկները հնարավոր է՝ անձրևների հետևանքով թափվեն։ Այն ժամանակ մեզ չլսեցին, մի բան էլ նեղացան։ Դրսի աշխատանքները կատարող այդ կազմակերպությունը բավական փնթի աշխատանք է կատարել։

Ներսի մասին խոսք չկա։ Ներսում աշխատանքները կատարել է գործարար, այն ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով գրեթե օրումեջ գալիս ու հետևում էր աշխատանքներին։ Դրա համար էլ որակը տեղն է։ Իսկ կառուցապատողը օրերով չէր գալիս։ Ու երևի՝ դրա արդյունքն է, որ էսօր քարերն ու սալիկները թափվում են։ Ասա՝ ինչ կլիներ, թողեիք դրսի աշխատանքեր էլ Սամվել Ալեքսանյանը աներ։ Ու էսօր էս պատկերին ականատես չէինք լինի»։ 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 166+
166+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր