211652_close_icon
views-count31432 դիտում article-date 23:06 28-06-2023

Գողություն Երևանում գործող հանրահայտ «Ալեքսանդր» հյուրանոցային համալիրում. ոստիկանները իրականացրել են «Մի ծաղկով գարուն չի գա» օպերացիան. բերման են ենթարկվել Նարգիզը, Վարդը, Մանուշակը, Նեկտարը և Շուշանը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 25-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Աբովյան փողոցում գործող «Ալեքսանդր» հյուրանոցային համալիրի աշխատակիցներից մեկը և հայտնել, որ իրենց մենեջերին է մոտեցել հյուրանոցում ժամանակավորապես բնակվող քաղաքացին ու հայտնել, որ իր համարից գողություն է կատարվել: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հյուրանոցային համալիր են մեկնել ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ:

Տեղում ոստիկանները պարզել են, որ նշված հյուրանոցի 906 հյուրասենյակում հյուրընկալվել է ՌԴ քաղաքացի 26-ամյա Դմիտրի Պ.-ն, ով հայտնել է, որ հյուրասենյակից գողացել են իրեն պատկանող 1500 ԱՄՆ դոլար և 1300 եվրո ու այն կատարելու մեջ կասկածում է սենյակում մաքրություն կատարող մաքրուհիներին: 

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, պարզել են, որ նշված ժամանակահատվածում նշված համարում մաքրութուն են կատարել Երևանի բնակիչներ 50-ամյա Նարգիզ Զ.-ն, 41-ամյա Վարդ Հ.-ն, 29-ամյա Մանուշակ Մ.-ն, 65-ամյա Նեկտար Դ.-ն և 45-ամյա Շուշան Ս.-ն: 

Նշված անձանց ոստիկանները հայտնաբերել և գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով տեղափոխել են ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղից էլ ներկայացրել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով հանցագործությունը բացահայտելու համար ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետ Ե. Նիկոյանի որոշմամբ՝ իրականացված օպերացիան կրել է «Մի ծաղկով գարուն չի գա» անվանումը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր