211652_close_icon
views-count1096 դիտում article-date 13:44 29-06-2023

6 ամսով արգելվեց ցորենի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, ձեթի արտահանումը Հայաստանից

Կառավարությունն այսօրվա նիստում Հայաստանից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում է ընդունել:

Նախագծով 6 ամիս ժամկետով արգելք է սահմանվում մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ, արտահանման նկատմամբ:

Որոշումն ուղղված է Հայաստանի պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը։

Նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն  ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։

Որոշմամբ սահմանվող արգելքը չի տարածվելու Հայաստանի Հանրապետություն ներմուծված և «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների վրա։

Հարկ է նշել, որ 2022-ի դեկտեմբերի 22-ի որոշմամբ սահմանվել է արտահանման 6 ամսով արգելք, որի գործողությունը կավարտվի 2023-ի հուլիսի 2-ին։ Սույն որոշման նախագծով առաջարկվում է ևս 6 ամիս ժամկետով երկարաձգել արտահանման արգելքը։

Այս ապրանքների մասով բացակայում կամ աննշան է արտահանումը Հայաստանից երրորդ երկրներ և Որոշման ընդունումը էական ազդեցություն չի ունենա գյուղարտադրողների վրա։

Նմանատիպ նյութեր