211652_close_icon
views-count1165 դիտում article-date 10:45 11-07-2023

Իշխանության իրական վախերը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ինչի՞ց է վախենում իշխանությունն ավտորիտար երկրներում: Նա չի վախենում անեծքներից, սպառնալիքներից եւ հայհոյանքներից: Երբ ընդդիմադիր շրջանակները սպառնում են ավտորիտար ղեկավարին՝ «նրան Չաուշեսկուի օրը քցել», դա անընդունելի է ինձ համար երկու պատճառներով:

Նախ՝ ես կտրականապես դեմ եմ «հեղափոխական տրիբունալի» մասին անգամ հեռավոր ակնարկներին, եթե խոսքն իմ երկրի մասին է:

Երկրորդ՝ դա, ի վերջո, ձեռնտու է այս իշխանություններին, որովհետեւ պոպուլիզմի եւ ատելություն սերմանելու դաշտում ցանկացած ընդդիմություն պարտվելու է Փաշինյանի ռեժիմին՝ այսօր իշխանության աթոռներին նստած են «ժողովրդահաճո» կրքեր բորբոքելու մեծ վարպետներ:

Նման կրքերը, հետեւաբար, իշխանությունների համար ամենեւին սպառնալիք չեն ներկայացնում: Իսկ ի՞նչն է ներկայացնում: Վստահ եմ, որ դա քաղաքացիների ինքնակազմակերպումն է: Խոսքն, ի վերջո, քաղաքացիական հասարակության մասին է՝ այդ բառի իսկական, ոչ թե «հայկական» («հ/կ») իմաստով:

Իրական քաղաքացիական հասարակությունը բաղկացած է մարդկանց կամավոր միավորումներից՝ հանուն որոշակի նպատակների: Այդ ինքնաբուխ համերաշխությունն իսկապես ուժ է, որը կարող է իրավիճակ փոխել:

«Հայաքվե» նախաձեռնությունը միավորում է ոչ թե այն մարդկանց, որոնք Փաշինյանի կամ ՔՊ-ականների վատն են ցանկանում, այլ նրանց, ովքեր չեն ուզում, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Ինչո՞ւ չեն ուզում: Որովհետեւ հստակ գիտեն, որ Ադրբեջանի տիրապետության տակ գտնվելով մեր 120 հազար հայրենակիցներ կա՛մ կսպանվեն, կա՛մ կարտաքսվեն: Դա, ի դեպ, հասկանում են նաեւ Հայաստանի իշխանությունները (այդքան միամիտ չեն, որ չհասկանան), բայց ձեւ են անում, թե իբր պայքարում են արցախցիների «իրավունքների եւ անվտանգության» համար:

Իրական քաղաքացիական հասարակությունը մշտապես վտանգ է ներկայացնում այս տիպի ռեժիմների համար: Ահա թե ինչու է «Հայաքվե» նախաձեռնությունն այսքան կոշտ պաշտոնական հակաքարոզչության արժանանում: Գլխավոր փաստարկն է «պատերազմի հրահրումը»: Դրան կարելի է պատասխանել երկու հարցով, որոնք ուղղված են նրանց, ովքեր իսկապես այդպես են մտածում. քանի՞ հայ զինծառայող է սպանվել 2020 թվականին նոյեմբերի 9-ից հետո եւ քանի՞ տասնյակ քառակուսի կիլոմետր ենք կորցրել ՀՀ ինքնիշխան տարածքից այդ ընթացքում: Այդ հարցերի անկեղծ պատասխանների դեպքում պարզ կդառնա, թե ով է իրականում պատերազմ հրահրում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր