211652_close_icon
views-count847 դիտում article-date 22:38 18-07-2023

Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է անմիջապես դադարեցվի. Ավստրիայի արտգործնախարար

Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է անմիջապես դադարեցվի։ Այս մասին Վիեննայում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում այսօր՝ հուլիսի 18-ին, ասել է Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը։

«Հայաստանի արտգործնախարարի հետ քննարկել ենք իրավիճակը տարածաշրջանում, ինչը մեզ համար շատ կարեւոր է։ Ճիշտ է, ԵՄ–ում շատերի ուշադրության կենտրոնում այժմ Ուկրաինան է, սակայն չպետք է անտեսենք ԵՄ հարեւանության մյուս տարածաշրջանները, որոնցից մեկը Հարավային Կովկասն է։ Ես շատ շնորհակալ եմ ԵՄ–ին՝ այս հարցում  ներգրավվածությանն ամուր հանձնառության համար, եւ կարծում եմ՝ կողմերը դանդաղ, բայց ճիշտ ուղղությամբ  են շարժվում, որը, հուսով եմ, մի օր կբերի կայուն խաղաղության համաձայնության»,- ասել է Շալենբերգը՝ ընդգծելով, որ դեռեւս  շատ բաց հարցեր կան քննարկելու, որոնցից են պահվող անձանց ազատ արձակումը, տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, սահմանների դելիմիտացիան։

Շալենբերգը առանձնահատուկ նշել է, որ խիստ մտահոգիչ է Լաչինի միջանցքի շրջափակումը։

«Շրջափակումը պետք է անմիջապես դադարեցվի։ Սա Ավստրիայի դիրքորոշումն է»,- ասել է նա։

Ավստրիայի արտգործնախարարի խոսքով՝ իրենք քննարկել են նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցը, եւ ինքը եւս մեկ անգամ առաջարկել է, որ երկու երկրների ներկայացուցիչները անհրաժեշտության դեպքում կարող են հանդիպել Վիեննայում։ 

«Մենք նաեւ խոսեցինք ԵԱՀԿ-ի մասին, որը կարեւոր հարթակ է եւ տարածաշրջանային կազմակերպություն, որը միավորում է բոլոր խաղացողներին, բարդ կազմակերպություն է, քանի որ դրա ներսում տարաձայնություններ են լինում, սակայն այն անհրաժեշտ է լինելու ապագայում Հարավային Կովկասից մինչեւ Կենտրոնական Ասիա խնդիրների կարգավորման համար։ Կարծում եմ՝ մենք համամիտ ենք այս կառույցը պահպանելու անհրաժեշտության հարցում»,- ասել է Շալենբերգը։

Նմանատիպ նյութեր