211652_close_icon
views-count1219 դիտում article-date 13:21 19-07-2023

Միջազգային հանրությունը կա՛մ պետք է ընդունի, որ կիսում է 120.000 հայի սովի, էթնիկ զտումների պատասխանատվությունը, կա՛մ պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Մարուքյանը՝ ԱՄՆ և ԵՄ պաշտոնյաներին

Ադրբեջանն ամեն օր ապացուցում է, որ ի վիճակի չէ անգամ ապահովելու այն նարատիվները, որոնք ձևակերպում է միջազգային հանրության աչքի առջև։

Այսպիսի մեկնաբանություն է արել հայտնել Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ Թվիթերի իր էջում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պաշտոնական Բաքվի կողմից իրականացվող քաղաքականությանը։

Վկայակոչելով Ադրբեջանի պնդումն առ այն, որ իրենք ցանկանում են ինտեգրել Լեռնային Ղարաբաղի հայերին, և որ նրանք իրենց քաղաքացիներն են՝ Մարուքյանն ընդգծել է, որ միջազգային հանրությունն այդ առթիվ Ադրբեջանից պահանջել է վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկել և ուղիղ բանակցություններ սկսել Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ՝ ներդնելով միջազգային մեխանիզմ՝ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքներով։

«Դրան ի պատասխան, քրիստոնյա հայերին ինտեգրելու փոխարեն, Ադրբեջանը սպանում է նրանց՝ կազմակերպելով տարբեր դիվերսիոն գործողություններ, ապա ոչնչացնում քրիստոնեական եկեղեցիներն ու քրիստոնեական ժառանգության հուշարձանները, հետևաբար Ադրբեջանը քրիստոնյա հայերին ինտեգրելու ծրագիր չունի։ Ավելին, շուրջ 7 ամիս դադարեցրել է գազամատակարարումն ու էլեկտրաէներգիան, շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, արդեն արձանագրվել են սովի պատճառով երեխաների մահանալու դեպքեր»,- նշել է Մարուքյանը «Թվիթեր»-ի իր էջում։

Նրա դիտարկմամբ՝ նման քայլերով Ադրբեջանը կատարում է միջազգային քրեական հանցագործություն՝ բոլորին հասկացնելով, որ վստահություն ստեղծելու միջոցներ չի ձեռնարկում։ Դա ցույց է տալիս, որ իրականացվող քաղաքականությունը կոչված է ոչ թե հայ ժողովրդին ինտեգրելու, այլ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների ենթարկելու՝ ի վերջո թողնելով մի կտոր հող առանց ժողովրդի։

«Բացահայտ փաստարկների ճնշման տակ, որոնք արդեն իսկ ապացուցված են ստույգ իրողություններով, միջազգային հանրության լիբերալ ժողովրդավարական ինստիտուտները կամ պետք է ընդունեն, որ իրենք կիսում են Լեռնային Ղարաբաղի 120.000 հայերի, այդ թվում՝ 30.000 երեխաների սովի, սպանությունների և էթնիկ զտումների քաղաքականությունը, կամ պետք է հստակ քայլեր ձեռնարկեն միջազգային հանրության միջամտության տեսքով՝ դադարեցնելու մարդկության դեմ ուղղված այդ հանցագործությունները։ Հակառակ դեպքում 21-րդ դարը նշանավորվելու է մարդու իրավունքների ևս մեկ զանգվածային ոտնահարմամբ, ավելի կոնկրետ՝ միջազգային քրեական հանցագործությամբ, որը դեռ հնարավոր է կանխել միջազգային հանրության միջամտությամբ»,- եզրափակել է Մարուքյանը։

Նմանատիպ նյութեր