211652_close_icon
views-count16592 դիտում article-date 22:47 21-07-2023

Արտակարգ դեպք Լոռու մարզում. հրդեհ է բռնկվել ՎԱԶ-2106-ում. այն վերածվել է մոխրակույտի. 56-ամյա վարորդը ծանր վիճակում տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասում ավտոմեքենա է այրվում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ օպերատիվորեն ժամանել են Ալավերդու թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լոռու մարզի բնակիչ 56-ամյա Մուկուչ Կ.-ի վարած ՎԱԶ-2106 մանիշի ավտոմեքենայում: Այրվել է ավտոմեքենայի սրահն ու բեռնախցիկն ամբողջությամբ, իսկ Մուկուչ Կ.-ն տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն:

Բժիշկները նրա վիճակը գնահատել են ծանր և տեղում անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել են Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն»: 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության  պետ Արթուր Զաքարյանն ու Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արտակ Գուրջանյանը: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները, ովքեր տեղում սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն։

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը՝ պարզվում է:

Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր