211652_close_icon
views-count85635 դիտում article-date 19:04 07-08-2023

Ոստիկանների փայլուն օպերացիայի արդյունքում Վահագնի թաղամասում զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարողներից նախկին օրենքով գողի տանը հայտնաբերվել են գողացված ապրանքներն ու զենք-զինամթերք․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 6-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների հետ, Երևանում հայտնաբերել են զենք-զինամթերք:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զենքն ու զինամթերքը հայտնաբերվել է  նախկինում օրենքով գող, սակայն վերջերս գողի տիտղոսից զրկված «Աստրախանի Հայկո» մականվամբ 40-ամյա Հայկ Ղազարյանին պատկանող տանը։

Երեկ քննչական բաժինը դիմել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը թույլտվություն տա Հ.Ղազարյանի տանը խուզարկություն կատարվի, ինչը դատարանը բավարարել է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ խուզարկությամբ Շահումյան 7 փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում, որը Հ․ Ղազարյանի բնակության վայրն է, հայտնաբերվել է «Չերչիլ» տեսակի հրացան, 25 հատ 9մմ տ/չ ատրճանակի փամփուշտ, 20 հատ և 7 տուփ փակ վիճակում 7.62 տ/չ փամփուշտ, 1հատ զենքի խլացուցիչ նաև հայտնաբերվել են ավազակությամբ հափշտակված գումար, 7 հատ տարբեր տեսակի գինիներ, «Ռեդմի Նոթե12» բջջային հեռախոս, «Գուչի» գրառմամբ արևային ակնոց և հանցագործություն կատարած Հ.Ղազինյանին և Ա.Գրիգորյանին պատկանող սև բաճկոն, տաբատ, հագուստներ և սպորտային կոշիկներ, 2 դիմակ և 3 հատ ձեռնոց:

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով այն հնարավոր է միացվի օրեր առաջ Երևանի Վահագնի թաղամասում՝ «Վահագնի» ռեստորանային համալիրում, Հ․ Ղազարյանի և ևս 2 հոգու կողմից ատրճանակներով զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարելու փաստով նախաձեռնված քրեական գործին։

Երեկ ոստիկանները նաև հայտնաբերել են այն ավտոմեքենան, որով հանցագործները գնացել էին Վահագնի թաղամաս ավազակային հարձակում կատարելու և այդ մեքենան, որը Toyota Vellfire մակնիշի է, քննիչի որոշմամբ տեղափոխել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ օգոստոսի 5-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի տեղակալ  Վարդան Վարդանյանի և քրեական ոստիկանության գլխավոր վարչության  պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, Ոստիկանության Երևան քաղաքի գլխավոր վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանի, Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի, ինչպես նաև Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Հարություն Դանիելյանի գլխավորությամբ, հսկայածավալ օպերատիվ և գրագետ գործողությունների արդյունքում ժամերի ընթացքում բացահայտել էին Երևանում՝ Վահագնի թաղամասում գործող «Վահագնի» ռեստորանային համալիրում, զինված, դիմակավորված ավազակային հարձակման դեպքը: ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականներով ստեղծվել էին մի քանի օպերատիվ հետախուզական խմբեր, ովքեր աշխատում էին մի քանի վարկածների ուղղությամբ և ի վերջո համադրելով հավաքված փաստերը՝ ՀՀ Ոստիկանապետի տեղակալ Վ. Վարդանյանի կարգադրությամբ, իրականացվել է օպերացիա, որը կրել է «Գողի և ում օրն է 40 օր» անունը: Ոստիկանները նշված ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով հայտնաբերել և Ոստիկանության Մաշտոցի բաժին էին տեղափոխել 29-ամյա Արսեն Գրիգորյանին, 40-ամյա Հայկ Ղազինյանին և ՌԴ քաղաքացի, 43-ամյա Ահմեդ Ումարովին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել էր հափշտակված գումարի մի մասը, իսկ Ա. Գրիգորյանի մոտ եղած պայուսակի միջից հայտնաբերվել էր «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 8 հատ 9 մմ փամփուշտներով և 1 հատ «Ֆ-1» տեսակի նռնակ իր պայթուցիչով: Նշված անձինք Ոստիկանության Մաշտոցի բաժնից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության ջոկատի՝ ժողովրդին հայտնի «կարմիր բերետների» ուղեկցությամբ, ներկայացվել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչութան Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալներից Հ. Ղազինյանը նախկինում եղել է «օրենքով գող», ով ավելի շատ հայտնի է եղել «(Աստրախանի Հայկո)» մականվամբ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ նրանք եղել են ռուսական համարանիշներով Audi մակնիշի ավտոմեքենայով, որը նույնպես ոստիկանները հայտնաբերել են և տեղափոխել Ոստիկանության Մաշտոցի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր