211652_close_icon
views-count811 դիտում article-date 21:54 17-08-2023

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Լյումինիցա Թեոդորա Օդոբեսկուի հետ

Օգոստոսի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Լյումինիցա Թեոդորա Օդոբեսկուի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը ժամ առ ժամ է խորանում՝ մանրամասնելով ԼՂ 120 հազար բնակչության և հատկապես խոցելի խմբերի համար առաջացած լրջագույն խնդիրները:

Նախարար Միրզոյանը նշել է, որ 2022թ. դեկտեմբերից ի վեր ՄԱԿ Անվատագության խորհրդի երկու նիստերի քննարկումները, ինչպես նաև մինչ օրս տարբեր կառավարությունների և միջազգային կառույցների կողմից ուղերձները ցույց են տալիս, որ ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վերաբերյալ քաղաքակիրթ աշխարհն ունի համընդհանուր ընկալում: Այդուհանդերձ, ԼՂ-ում իրավիճակի հաղթահարումը պահանջում է միջազգային հանրության կողմից հստակ քայլերի ձեռնարկում՝ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի պարտադիր իրավաբանական ուժ ունեցող որոշումների իրականացման և Լաչինի միջանցքով երկու ուղղություններով ազատ և անխափան տեղաշարժի վերականգնման նպատակով։

Վերահաստատելով հայկական կողմի՝ տարածաշրջանում կայունության հաստատման գործում դիրքորոշումը՝ նախարար Միրզոյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումով Ադրբեջանը սպառնում է այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերին:

Նմանատիպ նյութեր