211652_close_icon
views-count847 դիտում article-date 22:34 17-08-2023

Ֆրանսիայի քաղաքներն ու ռեգիոնները ցանկանում են օգնություն հասցնել պաշարված Արցախ

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի նախաձեռնությամբ Ֆրանսիայի Փարիզ քաղաքը, Իլ-դե-Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ-դը-Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր և Պրովանս-Ալպեր-Կոտ դ՛Ազուր ռեգիոնները՝ միասնական լինելով Արցախի ժողովրդին  աջակցության տրամադրելու հարցում, համախմբվել են՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր պաշարված Արցախին հրատապ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայում  ՀՀ դեսպանությունը՝ հղում անելով Paris Presse-ին։

 Ըստ աղբյուրի՝ Ֆրանսիայի տարածքային մարմինների կողմից 20 տոննա տեղափոխող առաջին բեռնատարը Երևանից ուղևորվել է դեպի սահմանամերձ Կոռնիձոր, որտեղ միացել է Հայաստանի կառավարության կողմից արցախցիներին ուղղված առաջին անհրաժեշտության  պարագաներ  տեղափոխող ևս քսանմեկ բեռնատարներին։

Նշվում է, որ հունիսի 15-ից ի վեր Ադրբեջանի զինված ուժերը թույլ չեն տալիս անցակետով որևէ տեղաշարժ՝ ո՛չ պարենային օգնության, ո՛չ դեղորայք, ո՛չ բժշկական շարասյան:

«Մեզ անհանգստացնում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջանցքի շարունակվող տևական արգելափակումը, ինչը, մասնավորապես, խոչընդոտում է մարդասիրական օգնության տեղափոխումը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին՝ կատարել ստանձնած միջազգային պարտավորությունները, և, հատկապես, Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ապահովելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշումը», - ասել է ֆրանսիական ՏԻՄ-երի պաշտոնական ներկայացուցիչը։

Նշվում է նաև, որ  տեղափոխվող 20 տոննա օգնությունը նշված ռեգիոնների ու քաղաքների կողմից ֆինանսավորվող բեռնատարների գլխավոր՝ ավելի մեծ ավտոշարասյան միայն առաջին՝ փոքր մասն է: Գլխավոր ավտոշարասյան մեկնարկը կտրվի օգոստոսի վերջին՝ հօգուտ արցախցիների իրականացվող մարդասիրական այս նախաձեռնությանն աջակցող ֆրանսիացի խորհրդարանականների և ՏԻՄ ղեկավարների պատվիրակության առաջնորդությամբ։

Նմանատիպ նյութեր