211652_close_icon
views-count1297 դիտում article-date 22:24 04-09-2023

Հելեն Դադայանի աճյունն Արցախ տեղափոխելու հարցով Սիրանուշ Սահակյանը դիմում կուղարկի ՄԻԵԴ

Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, օգոստոսի 14-ին ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված արցախցի Հելեն Դադայանի աճյունն Արցախ տեղափոխելու հարցով Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը դիմելու է Եվրոպական դատարան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Սահակյանը:

Սահակյանը նշել է, որ Հելենի աճյունը Արցախ տեղափոխելու համար Ադրբեջանը առաջ է քաշում քաղաքական պայմաններ.
«Ոչ օրինական պահանջ է ներկայացվում, որ տրամադրվող փաստաթղթերում տեղանունները մատնանշված լինեն ադրբեջանական անվանումներով: Կամ որպես տեղափոխման վերջնակետ մատնանշված լինի ոչ թե Արցախի Հանրապետությունը այլ Ադրբեջանի Հանրապետությունը: Ընտանիքը առնչվում է պետություններին և այդ հարցերն էլ իրենց բնույթով միջպետական ու քաղաքական են, որոնք չեն կարող ազդել մարդու իրավունքների պաշտպանվածության վրա, ուստի մեր նպատակն է դատարանի ներգրավվածությամբ պահանջ ներկայացվի Ադրբեջանին՝ առանց քաղաքական և այլ բնույթի պահանջների՝ ապահովել դիի տեղափոխումն ու հանձնումն ընտանիքին՝ հուղարկավորելու նպատակով»:

Սիրանուշ Սահակյանն ասել է, որ վաղը արդեն դիմումը կուղարկեն դատարան, և ըստ պրակտիկայի, մինչեւ 1 շաբաթը ակնկալվում է, որ դատարանը կպատասխանի դիմումին:

Օգոստոսի 14-ի գիշերը, Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 12 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը և «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Վիրավորների թվում է նաև «ZIL»–ի վարորդը։

Ողբերգական վթարի ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստան կատարած ուղևորությունից։

Նմանատիպ նյութեր