211652_close_icon
views-count91003 դիտում article-date 17:03 18-09-2023

Արարատի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 23-ամյա որդին մահացել է․ նրա հայրն ու մայրն էլ մահացել էին տեղում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր՝ սեպտեմբերի 18-ին, հիվանդանոցում մահացել է Կոտայքի մարզի բնակիչ, 23-ամյա Մարատ Ս․-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով երեկ՝ սեպտեմբերի 17-ին, Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով։

Ոստիկանության Մասիսի բաժնի և Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է տեղում մահացածների ինքնությունը։

Նրանք են Կոտայքի մարզի բնակիչներ 52-ամյա Մարատ Ս․-ն և 50-ամյա Մարինե Կ․-ն։ Վերջիններս ամուսիններ էին, իսկ այսօր մահացածը նրանց որդին էր, ովքեր ոչ միայն իրենց բնակության վայրում, այլ նաև նրանց ճանաչողները ասում էին, որ Նոր Հաճն քաղաքի ամենապարկեշտ, հայկական ավանդույթներին հավատարիմ սկզբունքներով ապրող ընտանիքն էին։ Բացի բարություն անելուց՝ անգամ սոցիալապես անապահովներին օգնելուց, ուրիշ բան չեն տեսել ընտանիքի անդամների կողմից։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Այնթապի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, Skoda մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարե պարսպին:

Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարկան ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու մահացածներին մոտեցրել դիատարին:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանը և ոստիկանության Մասիսի բաժնի պետ Ասքանազ Դավթյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-դ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր