211652_close_icon
views-count21917 դիտում article-date 09:54 19-09-2023

Կրակոցներ Սյունիքի մարզում. հայրն ու 2 որդիները ծեծի են ենթարկել 40-ամյա տղամարդուն. վերջինս իր մոտ եղած ինքնաձիգից կրակոցներ է արձակել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 17-ին կրակոցներ են հնչել Սյունիքի մարզում: Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Կավարտ» թաղամասում կրակոցներ են հնչել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ տեղեկությունը հավաստի է և կրակոցներ արձակողը նույն թաղամասի բնակիչ, 40-ամյա Ալեքսեյ Գ.-ն է:

Ոստիկանները հայտնաբերել են վերջինիս և պարզել, որ նույն օրը՝ ժամը 17:50-ի սահմաններում, «Կավարտ» թաղամասի իր տան բակում «Դավիթ Բեկ» թաղամասի բնակիչներ 45-ամյա Դավիթ Ա.-ն, 20-ամյա Գոռ Ա.-ն և 18-ամյա Շանթ Ա.-ն անձնական հարցերի շուրջ վիճաբանել են Ալեքսեյ Գ.-ի հետ, որի ընթացքում, ըստ օպերատիվ տեղեկությունների, ծեծի են ենթարկել նրան ու դրանից հետո Ալեքսեյ Գ.-ն իր մոտ ապօրինի պահվող «ԱԿՄ» տիպի ինքնաձիգից նրանց վախեցնելու համար դեպի օդ կրակոցներ է արձակել: 

Ոստիկանների, ապա նրանց միացած Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչների բացատրական աշխատանքների արդյունքում Ալեքսեյ Գ.-ն ներկայացրել է հանցագործության գործիք ինքնաձիքը՝ 2 պահեստատուփով, որոնցից մեկը լիցքավորված է եղել 8 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներով: 

Դեպքի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ Դավիթ, Գոռ և Շանթ Ա.-երին հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գոռ և Շանթ Ա.-երը հարազատ եղբայրներ են, իսկ Դավիթ Ա.-ն նրանց հայրն է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր