Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունել է Ռուսաստանի Դաշնությունից ժամանած կաթոլիկ ուխտավորներին
Սեպտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունել է Ռուսաստանի Դաշնությունից ժամանած կաթոլիկ ուխտավորների՝ առաջնորդությամբ Մոսկվայի Տիրամոր թեմի արքեպիսկոպոս միտրոպոլիտ Պաոլո Պեցցիի։
Հանդիպմանը Հայոց Հայրապետը, իր օրհնությունը բերելով ուխտավորներին, ներկայացրել է Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակման հետևանքով Արցախում ստեղծված աղետալի իրավիճակը, որի նպատակն է հայաթափել Արցախը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նմանօրինակ ցեղասպան գործողությունների պատճառ նկատեց միջազգային հանրության կողմից ոչ համարժեք միջոցների գործադրումն Ադրբեջանի որդեգրած դատապարտելի քաղաքականության կասեցման ուղղությամբ։
Վեհափառ Հայրապետն անդրադարձ է կատարել նաև Հայ և Կաթոլիկ, ինչպես և քրիստոնեական Քույր Եկեղեցիների միջև առկա ջերմ փոխհարաբերություններին ու սերտ գործակցությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունն ընդգծել է, որ Եկեղեցիների ու կրոնների համագործակցությունը հիմնական կարևորություն ունի ազգերի միջև խաղաղության և համերաշխության հաստատման համար։
Շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանն ուխտավորներին ընդունելու համար՝ արքեպիսկոպոս Պեցցին իր զորակցությունն ու աղոթքն է բերել հայ ժողովրդին այս ծանր ու դժվարին օրերին։