211652_close_icon
views-count323776 դիտում article-date 11:35 28-09-2023

Ողբերգական դեպք Երևանում․ մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա տղան վերակենդանացման բաժանմունքում մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ սեպտեմբերի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանից «կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխված երեխան վերակենդանացման բաժանմունքում հանկարծամահ է եղել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափաասների գործերով բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 5-ամյա Ս․ Հ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Դավիթաշեն վարչական շրջանի մանկապարտեզներից մեկից։

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 

Նմանատիպ նյութեր