211652_close_icon
views-count1030 դիտում article-date 21:40 29-09-2023

Մայր Աթոռն իր աջակցությունն է ցուցաբերում բռնի տեղահանված արցախահայությանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական Ծառայության գրասենյակը և հայաստանյան թեմերն այս օրերին լծված են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հոգևոր, հումանիտար և սոցիալական կարիքների հոգածության աշխատանքներին։

Նորին Սրբության հատուկ ուշադրության կենտրոնում է արցախից բռանագաղթած մեր զավակներին կեցավայրերով ապահովման խնդիրը։ Այս պահին Մայր Աթոռում, ինչպես և Վայոց Ձորի, Շիրակի, Գուգարաց, Գեղարքունյաց, Արմավիրի, Սյունյաց, Մասյացոտնի, Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի թեմերում իրականացվում են տեղահանված արցախցիներին կացարաններով ապահովվման աշխատանքները։ Ներկայիս ադեն իսկ թեմապատկան կացարաններում բնակություն են հաստատել մեծաթիվ արցախցիներ։

Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ հոգևորականներն իրականացնում են այցելություններ իրենց համայնքներում հաստատված ընտանիքներին։ Հոգևոր խնամքին և կարիքի գնահատմանը զուգահեռ հայաստանյան բոլոր թեմերում ցուցաբերվում է սոցիալական աջակցություն՝ սնունդով, հագուստով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելով տեղում հաստատված արցախահայությանը։ Մասյացոտնի թեմն արդեն համակարգված կերպով ամեն օր սնունդով է ապահովում շուրջ 400 անձանց։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Երևանի և Վաղարշապատի բարեգործական ճաշարանները նույնպես պատրաստ են սնունդով ապահովելու արցախահայերին։

Նորին Սրբության օրհնությամբ Իզմիրլյան ԲԿ-ն ևս այս ծանր ժամանակներում պատրաստակամություն է դրսևորել անհրաժեշտ բուժօգնություն տրամադրել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին:

Արցախահայերի հոսքը տարբեր բնակավայրեր դեռ շարունակվում է։ Կարիքի ամբողջական գնահատումն ավարտելուց հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական Ծառայության գրասենյակը հանդես կգա իրականացվող ծրագրերի վերաբերյալ նոր տեղեկություններով։

Նմանատիպ նյութեր