211652_close_icon
views-count48158 դիտում article-date 10:51 05-10-2023

Երևանում ոստիկանները իրականացրել են «Օպերկոտ աջից» օպերացիան. տերմինալը թալանելուց ժամեր անց ոստիկանները «ասֆալտին» փռեցին «Վանդամին», «Չակ Նորիսին» ու «Շվարցնեգերին»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 3-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններով՝ վարչության ծառայողները Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողների հետ իրականացրել են օպերացիա, որը կրել է «Օպերկոտ աջից» անվանումը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները Մյասնիկյան պողոտայում ձերբակալել և ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 32-ամյա Ադամ Պ.-ին, 32-ամյա Հովհաննես Պ.-ին և 40-ամյա Կարեն Ա.-ին: Վերջիններս եղել են BMW մակնիշի ավտոմեքենայով: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ նշված անձինք Գայի պողոտայի 19/95 հասցեի մոտ տեղադրված տերմինալը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են և այնտեղից գողացել դրամապահոցը: 

Եռյակին բռնելուց հետո պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նրանցից մեկի մոտ գտնվող ձեռքի պայուսակում հայտնաբերվել է գողացված 23 հատ 20.000, 6 հատ 10.000, 6 հատ 5.000, 1 հատ 2.000 և 55 հատ 1.000 թղթադրամներ, իսկ BMW-ում էլ հայտնաբերվել է հափշտակված դրամապահոցը:

Երբ իրավապահները փորձել են նրանց ձերբակալել, վերջիներս հայտարարել են, թե իրենք մարտարվեստի գիտակներ են, որ իրենցից մեկին կոչում են «Վանդամ», մեկին՝ «Չակ Նորիս», մյուսին էլ՝ «Շվարցնեգեր», սակայն ոստիկանները հայտնի հայկական սիրված «Նվագախմբի տղաների» միջի հերոսի նման «օպերկոտ են արել աջից» ու «փռել ասֆալտին»:

Նշված անձինք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր