211652_close_icon
views-count1567 դիտում article-date 15:17 09-10-2023

«Հանրային ձայն»-ը ավագանու նիստի մասնակցության որոշում դեռ չունի, վաղը պարզ կլինի

«Հանրային ձայն» կուսակցությունը վաղը նախատեսվող Երևանի ավագանու անդրանիկ նիստի մասնակցության որոշում դեռ չունի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց կուսակցության մամուլի պատասխանատու Վահան Ավագյանը։
«Մենք ավագանու նիստին մասնակցելու վերաբերյալ որոշում չենք հայտարարել։ Ներկա պահին վերջնական որոշում չունենք։ Վաղը՝ նիստի ընթացքում, հստակ կլինի որոշումը»,- փոխանցեց նա։
Ավելի վաղ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարը հայտարարել էր, որ չեն պատրաստվում բոյկոտել Երևանի նորընտիր ավագանու նիստը։
Նշենք, որ Երևանի ավագանին պատրաստվում է հոկտեմբերի 10-ի արտահերթ նիստին, որում պետք է քաղաքապետ ընտրվի:

Հավելենք, որ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը որոշումը չի փոխել և չի ներկայանա ավագանու նիստին։ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը ևս չի մասնակցելու ավագանու առաջին նիստին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու անդամի ընտրությանը քաղաքապետի աթոռի համար պայքարող ուժերից որևէ մեկը չստացավ ձայների 50 տոկոսը։

Ընտրությունների արդյունքում ավագանի է անցել հինգ ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Հանրապետություն», «Հանրային ձայն» կուսակցությունները և «Մայր Հայաստան» դաշինքը։

Կոնսենսուսի դեպքում Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինքը պատրաստ էր ձայնը տալ «Ազգային առաջընթացի» թեկնածուին։ Հայկ Մարությանը, սակայն, հայտարարել էր, որ «Հանրային ձայնից» ավագանու երկու անդամներ՝ Արտակ Գալստյանն ու Տիգրան Ուրիխանյանը չեն կարող մասնակցել հոկտեմբերի 10-ին նշանակված նիստին, քանի որ Ուրիխանյանը հետախուզվում է, Հայաստանում չէ, իսկ Գալստյանը կալանավորված է, ինչն էլ նշանակում է, որ ընդդիմությունը չի ունենա բավարար ձայներ՝ քաղաքապետ ընտրելու համար։

Նմանատիպ նյութեր