211652_close_icon
views-count30236 դիտում article-date 19:53 13-10-2023

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցները 24 ժամից ավելի է Արմավիրի մարզում կատարում են գնացքի գծերի վթարավերականգնողական աշխատանքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Արդեն 24 ժամից ավելի է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության 100-ից ավելի աշխատակիցներ աշխատանքներ են կատարում հոկտեմբերի 12-ին Արմավիրի մարզում բեռնատար շարժակազմի անկման հետևանքով երկաթուղային գծի վերականգնման ուղղությամբ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատակիցները վթարավերականգնողական աշխատանքները կատարում են մինչև կեսգիշեր, որպեսզի 1 օր շուտ շահագործվի Երևան-Գյումրի-Երևան մերձքաղաքային ուղևորագնացքների շարժը, ինչպես նաև Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային երթուղին:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00.30-ի սահմաններում Դալարիկ գյուղի մոտակայքում բեռնատար գնացքը, որը ունեցել է 33 վագոն, դուրս էր եկել ռելսերից և կողաշրջվել:  Բարեբախտաբար, տուժածներ չկան: Գնացքը բաղկացած է եղել շարժակազմից և 36 վագոններից, որոնցից 30-ը բարձված են եղել ցեմենտի հումքով։

Տեղում իրավիճակը գնահատելու համար դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Բաղրամյանի թիվ 28 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանն ու մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը։ Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտակ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Նշան Հախնազարյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր էր ժամանել Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանը։

Վագոնները վերածվել էին մետաղե ջարդոնի՝ հայտնվելով դաշտերում ու ձորերում։

Լուսանկարները ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 248+
248+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր