211652_close_icon
views-count1078 դիտում article-date 15:24 17-10-2023

Մենք պատրաստ ենք մինչեւ տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել. Փաշինյան. News.am

Մենք պատրաստ ենք մինչեւ տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Ստարսբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Տրանսպորտային կոմունիկացիաների մասով, վերը նշված սկզբունքների, ներառյալ փոխադարձության սկզբունքի պահպանմամբ մենք պատրաստ ենք գնալ ընթացակարգերի պարզեցումների, մենք պատրաստ ենք ապահովել ադրբեջանական բեռների եւ ադրբեջանցիների անցման անվտանգությունը մեր տարածքով` հույս ունենալով նաև փոխադարձության, մենք պատրաստ ենք զորքերի հայելային ետքաշման՝ 1991 թվականի սահմանների գծից, ինչը կնշանակի, որ Ադրբեջանը Հայաստանի ոչ մի տարածքում զորք չի ունենա, Հայաստանն էլ Ադրբեջանի: Մենք պատրաստ ենք փոխադարձության սկզբունքով հասցեագրել նաեւ այսպես կոչված անկլավների հարցը, ինչպես հայտարարել եմ ս/թ հոկտեմբերի 10-ին Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Եւ վերջապես պատրաստ ենք մինչեւ տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Փաշինյանը նկատեց, որ այն, որ Ադրբեջանը հրաժարվեց գալ Գրանադայի հանդիպմանը, որի մասին պայմանավորվածությունն ի դեպ ձեռք էր բերվել ս/թ հուլիսի 15-ին Բրյուսելում և այդ պայմանավորվածությունը նույնպես արտահայտված է հանդիպման արդյունքներով Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ, ահա այդ հանդիպմանը չգալը մեր գործերը չհեշտացրեց:

«Բայց մյուս կողմից, մենք այս տարվա ընթացքում, ինչպես Եվրոպական խորհդարանի նախագահը նշեց, Բրյուսելում եռակողմ հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն ունենք եւ եթե վերը հիշատակված սկզբունքները պաշտոնապես վերահաստատվեն` մինչեւ տարեվերջ Հայաստան-Ադրբեջան խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրելը կդառնա խիստ իրատեսական»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր