211652_close_icon
views-count36217 դիտում article-date 19:19 25-10-2023

Քեզ բացակա չենք դնի. երկնային ծնունդդ շնորհավոր լեգենդ դարձած հերոս Վահե Մանասերյան. Տեղեր գյուղի եկեղեցու բակում հերոսի անվամբ խաչքար բացվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, Արագածոտնի մարզի Տեղեր (Դղր) գյուղի ընտանեկան գերեզմանոցում էին հավաքվել 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության սահմաններն անառիկ պահելու ժամանակ հակառակորդի գնդակից նահատակված, լեգենդ դարձած հերոս Վահե Մանասերյանի հարազատները, ընկերները՝ այդ թվում զինակից, հյուրեր Հանրապետության տարբեր մարզերից, ինչպես նաև հերոսածին մայրեր, արցախյան մի քանի պատերազմների մասնակիցներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ լեգենդ դարձած հերոսի երկնային ծնունդն էր և գյուղի հոգևոր հովվի կողմից կատարվեց հոգեհանգստյան կարգ, որից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին և խնկարկում կատարեցին, ապա գյուղի եկեղեցու բակում բացվեց հերոսի անունը հիշատակող տուֆե խաչքար: Խաչքարի վրայից սպիտակ սավանը իջեցրեցին հերոսածին մայրն ու հերոսի հայրը, ապա հոգևոր հովվի կողմից օծվեց խաչքարը, իսկ հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին խաչքարին:

Ողջ ընթացքում ներկաները՝ այդ թվում հերոսի ընկերները, Վահեի մասին իրենց հիշողություններով էին կիսվում ու բոլորն ասում էին. «Վահեն իր ապրած կարճ, բայց բովանդակալից կյանքով մի իսկական հերոս էր, իսկական խաղաղության աղավնի: Իզուր չէր, որ երիտասարդ տարիքում նրա մասին հիշատակում էին մեծ Սևակի հայտնի ստեղծագործության տողերով՝ «Ուշ ուշ են գալիս, բայց ոչ ուշացած, ծնվում են նրանք ճիշտ ժամանակին», ու հիմա նա եկավ ճիշտ ժամանակին ու այսօր իր ծննդյան օրով ի լուր աշխարհի ասում ենք՝ «քեզ բացակա չենք դնի», դու հիմա երկնքից ես հսկում քո տունը, քո հող հայրենին ու հաստատ կանցնեն տարիներ, անգամ դարեր, քո ու քո նման տղերքի արած սխրագործությունները չեն մոռացվի»: 

ՄԱՆԱՍԵՐՅԱՆ ՎԱՀԵ ՎԱՂԱՐՇԱԿԻ

Ծնվել է 2002թ.-ի հոկտեմբերի 24-ին Երևանում։ Սովորել է Երևանի Հովհաննես Իսակովի անվան թիվ 132 դպրոցում։ 2020թ-ին ավարտել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցը,այնուհետև  սեպտեմբերին ընդունվել և սովորել է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը։ Զաբաղվել է   տարբեր սպորտաձևերով՝ կառատեով,տեկվանդոյով, լողով,թիավարությամբ։
Ունի  բազմաթիվ   պատվոգրեր և  մեդալներ։ 

Զորակոչվել է զինվորական ծառայության ՀՀ ԶՈՒ-ում 2021թ-ի  փետրվարի 16-ին։ Շարքային Վահե Վաղարշակի Մանասերյանը ծառայողական պարտականությունը կատարել է բարեխղճորեն և անձնվիրաբար։ Միշտ հավատարիմ է եղել զինվորական երդմանը, հետևողական գիտելիքների ձեռքբերմանը և մասնագիտական վարպետության կատարելագործման գործում։ Մշտապես ցուցաբերել է խելամիտ նախաձեռնություն և բարձր կարգապահություն։ Օժտված է եղել հայրենիքի հայրենիքի պաշտպանի անհրաժեշտ բարոյական հատկանիշներով։ Իր ծառայության ընթացքում ցուցաբերել է խիզախություն , քաջություն, արիություն, պատվով է տարել զինվորական ծառայության դժվարությունները, անվերապահորեն կատարել է հրամանատարների հրամանները ու ցուցումները։

Դրա համար նրան միշտ համարել են տարբերվող ու դիմել են, որպես Մանասերյան։ Վահե Մանասերյանը  2021թ.-ի դեկտեմբերի 10- ին Վերին Շորժայի 219 մարտական դիրքում հակառակորդի հետ ընթացող միջդիրքային փոխհրաձգության ժամանակ իր մարտական դիրքի անձնակազմի հետ հմուտ գործողությունների շնորհիվ կանխել է հակառակորդի հարձակման փորձը տալով 4 մարդկային կորուստ, ինչպես նաև հարձակման համար նպաստավոր ինժեներական կառույցների ավերում։

 Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30 -ի սահմաններում հակառակորդը կիրառել «Բայրակթար» հարվածային սարք,որի արդյունքում շարքային Վահեն  չի դիմել փախուստի,այլ մարմնով պահել է  իր 8 զինակից ընկերներին, փրկել նրանց  կյանքը,իսկ ինքը ընկավ քաջի մահով։ Հուղարկավորել է Արագածոտնի մարզի  Տեղեր(Դղր) գյուղում:

Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» համար մեդալով։


Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 880+
880+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր