211652_close_icon
views-count925 դիտում article-date 20:13 26-10-2023

Երևանի բացօթյա վայրերում մշակութային գործունեությունը կթույլատրվի բնակելի շենքերից որոշակի հեռավորության վրա

Նոյեմբերի 1-ից երաժիշտները, նկարիչներն ու մշակութային գործունեություն ծավալող մյուս անհատներն ու խմբերը Երևանի հանրային բացօթյա վայրերում պետք է գործեն ավագանու սահմանած նոր պահանջներով:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից, առավոտյան ժամը 10:00-ից մինչև 21:00-ն բնակելի և հասարակական շենքերից պետք է պահպանել հեռավորություն՝ առնվազն 10 մետր, ժամը 21:00-23:00-ն՝ 100 մետր:

«Սեպտեմբերի 12-ին Երևանի ավագանու 849 որոշմամբ հաստատվեց նախագիծ, որը կանոնակարգում է հանրային բացօթյա վայրերում մշակութային գործունեություն իրականացնելու կարգը: Մենք փորձում ենք ներդաշնակ միջավայր ապահովել ինչպես մշակութային գործունեություն իրականացնողների, այնպես էլ քաղաքի բնակիչների և հյուրերի համար»,-նշել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Սահակյանը:

«Քաղաքապետարանի նպատակը առաջին հերթին բնակելի և հասարակական վայրերում քաղաքացիների անդորրն ու հանգիստն ապահովելն է: Բազմաթիվ են բողոքները, որ խանգարում են նախ՝ քաղաքացիների ազատ տեղաշարժը, ապա՝ օբյեկտների գործունեությունը: Լինում են դեպքեր, երբ նրանց գործունեությունից հետո աղտոտվում է տարածքը: Խնդրահարույց հասցեներն են Հյուսիսային պողոտան, Աբովյան փողոցը»,-ասել  է քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը: Նոր կանոնակարգով բացօթյա մշակութային գործունեությունը  պետք է չխոչընդոտի հետիոտնի տեղաշարժը, փոխադրամիջոցների  երթևեկությունն ու հարակից օբյեկտների գործունեությունը: Ձայնի ուժգնությունն էլ պետք է չգերազանցի 60 դեցիբելը: «Մենք ի սկզբանե որոշել ենք գրաքննություն չանել, Սահմանադրությամբ դա արգելված է: Բայց սահմանադրական կարգը տապալելու, քրեական ենթամշակույթին վերաբերող տերմինաբանություն ու հայհոյանքներ չեն կարող հնչել»,- ընդգծել է Գևորգ Սահակյանը:

Քաղաքապետարանի և վարչական շրջանների կողմից կսահմանվի ամենօրյա հսկողություն: Մինչ այդ բոլորը նախազգուշացվում են: Նոյեմբերի 1-ից պահանջները խախտողներին ստիպված կլինեն տուգանել:

«Առաջին խախտման դեպքում «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգիրքը նախատեսում է նախազգուշացնում կամ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-200-ապատիկի չափով, իսկ կրկնելու դեպքում տուգանքն էլ մեծանում է՝ հասնելով 500-800 հազար ՀՀ դրամի»,- հավելել է Արամ Գյուլզադյանը:

Երևանի փողոցներում մշակութային ժամանցային նախաձեռնությունները կարգելվեն միայն սգո և հիշատակի օրերին:

Նոր պահանջներն ու սահմանափակումներն արգելում են դյուրավառ ու պայթյունավտանգ նյութերի գործածումը:

Նմանատիպ նյութեր