211652_close_icon
views-count1000 դիտում article-date 14:49 02-11-2023

ՀՌՀ-ը ռուսական հեռուստաալիքների կողմից խախտումների մասին երկու տեղեկանք է ուղարկել ԲՏԱ նախարարություն

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը վերջին երկու ամսում ռուսական հեռուստաալիքների կողմից խախտումների վերաբերյալ երկու տեղեկանք է ուղարկել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

«Մենք և՛ օրենսդրության, և՛ միջպետական համաձայնագրերով կատարել ենք մեզ վրա դրված լիազորությունները։ Մեզ վրա դրված է ռուսական հեռուստաալիքներն ամսվա մեջ առնվազն 5 օր մշտադիտարկել։

Երբ տեսնում ենք մեր օրենսդրության և միջկառավարական համաձայնագրի խախտումներ, դրանց մասին տեղեկանք ենք կազմում և ուղարկում ենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արտաքին գործերի նախարարություններ։

Այլ գործառույթ չունենք։ Միայն վերջին երկու ամսում այդպիսի երկու տեղեկանք ենք ուղարկել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն։ Այստեղ արդեն, ըստ համաձայնագրի, ռուսական կողմի հետ բանակցողներն են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արտաքին գործերի նախարարությունները»,- ասաց Հակոբյանը։

Նա հավելեց, որ հանդիպել է Ռուսաստանի թվային զարգացման նախարարի տեղակալի, Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի, Ռուսաստանի պետական հեռուստառադիոյի ընկերության ղեկավարության և ժուռնալիստների միության նախագահի հետ և ներկայացրել է ռուսական հեռուստաալիքների հետ կապված իրավիճակը։

«Իմ և հանձնաժողովի մոտեցումը գիտեք․ մենք դեմ ենք, որպեսզի հանրային մուլտիպլեքսում որևէ օտար հեռուստաալիք հեռարձակվի»,- եզրափակեց Հակոբյանը։ 

Նմանատիպ նյութեր