211652_close_icon
views-count847 դիտում article-date 10:52 09-11-2023

Արդյո՞ք գովազդներում կարող են օգտագործվել «ամենամեծ», «ամենաորակով», «լավագույն», «բացառիկ» և նմանատիպ բառեր. Մրցակցության հանձնաժողովի հայտարարությունը

Գովազդներում և այլ հրապարակումներում հաճախ  են օգտագործվում ածականի գերադրական աստիճանով (օրինակ՝ «լավագույն»,  «ամենամատչելի», «ամենամեծ», «ամենաորակով» և այլն), ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների և նրանց ապրանքների առավելությունն ընդգծող բառեր (օրինակ՝ «առաջատար», «բացառիկ»  և այլն)։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տեղեկացնում է, որ նման ձևակերպումները կարող են հանգեցնել հասարակության մոլորեցման կամ անտեղի համեմատության կատարման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության, եթե՝

· չունեն փաստական հիմք, այսինքն՝ չեն համապատասխանում իրականությանը,

· ունեն փաստական հիմք, սակայն կատարվել է ոչ կոռեկտ կամ անպատշաճ համեմատություն։

Կարևորելով իրավախախտումների կանխարգելումը՝ Հանձնաժողովը հորդորում է տնտեսավարողներին պահպանել մրցակցային օրենսդրության պահանջները և ձեռնպահ մնալ նման ոչ իրավաչափ վարքագծից։

Հիշեցնում ենք, որ անբարեխիղճ մրցակցության համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսավարող սուբյեկտի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև հինգ տոկոսը:

Նմանատիպ նյութեր