211652_close_icon
views-count53370 դիտում article-date 13:00 17-12-2023

Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. բախվել են Իջևան-Դիլիջան երթուղու մարդատար ГАЗель-ն ու 06-ը. ГАЗель-ը կողաշրջվել է. կա 15 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտաճանապարհի 130-րդ կմ հատվածում՝ Իջևանի վարչական տարածքում, բախվել են Իջևան-Դիլիջան երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ն ու ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հատնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 15 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն:
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Իջևանի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները: 

Օպերատիվերեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, վաշտի հրամանատար Արտակ Օհանյանի գլխավորությամբ:
 
Բախման հետևանքով ГАЗель-ը կողաշրջվել է և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Սամվել Աբրահամյանն ու Անդրանիկ  Երկնափեշյանը: 

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանն ու Ոստիկանության Իջևանի բաժնի պետ Եփրեմ Գալստյանը: 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականն ու տեղում իրականացրել հերթապահություն: 

Վթարի մասին ոստիկանության Իջևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:
 
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ГАЗель-ը վարել է Երևանի բնակիչ՝ 59-ամյա Գալուստ Մարգարյանը, իսկ 06-ը վարել է տավուշի մարզի բնակիչ, 58-ամյա Գարեգին Հարությունյանը:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր