211652_close_icon
views-count18261 դիտում article-date 14:36 21-12-2023

Քեզ բացակա չենք դնի. այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանի ծննդյան 90-րդ տարեդարձն է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանի ծննդյան 90-րդ տարեդարձն է։ Հայի յուրահատուկ տեսակ, ում անունը մեծ պատվով և պատասխանատվությամբ կրում է նրա անունը կրող պոլիկլինիկան։ Այնտեղ ամեն մի անկյուն լցված է Եսայանական բարությամբ և հոգատարությամբ։

«Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ ապրում է դարեդար...»

Այս տողերը լավագույնս նկարագրում է Կառլեն Եսայանի կյանքն ու գործունեությունը, ում անթիվ բարեգործությունները Հայաստանում ու Արցախում վայելել ու վայելում են մեր սերունդները։

Շնորհավո՛ր երկնային ծնունդդ, մեծանու՛ն ՄԱՐԴ։

Կառլեն Եսայանի և առհասարակ նրա ընտանիքի ունեցած ավանդի վառ ապացույցն այն բարեգործություններն են, որոնք մինչև այսօր շարունակվում են: Եվ երկրային կյանքում Կառլեն Եսայանը հասցրեց այնպես ապրել, որ շատերի համար կյանքի ուսուցիչ դարձավ, ու նրա բացակայությունն ամենօրյա ռեժիմով իրեն զգացնել է տալիս։

Թերևս ամենօրյա ցանկալի ներկայությունն է պատճառ դարձել, որ յուրաքանչյուր տարի նրա ծննդյան օրը փորձում են տոն դարձնել մինչև օրս: 2019 թվականի այս օրը ևս նրա ընտանիքի անդամները, ընկերները, նրա անվան երևանյան պոլիկլինիկայի աշխատակիցները հավաքվել էին, այցելել նրա շիրիմին, ապա նրա կողմից կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցի, իսկ այնտեղ մատուցված պատարագից հետո էլ այցելել էին նրա անունը կրող պոլիկլինկա, որտեղ աշխատակիցների կողմից միջոցառում էր կազմակերպված` ի հիշատակ Կառլեն Եսայանի:

Անվանի բարերարի և նրա ընտանիքի կողմից մինչև օրս Հայաստանում և Արցախում իրականացվել են ահռելի աշխատանքներ: 2019 թվականի սկզբից Արցախի Մեծ Շեն համայնքում նրա ընտանիքի միջոցներով իրականացվում են սալիկապատման ահռելի աշխատանքներ: Չնայած վաստակավոր բժիշկը հայրենի գյուղից վաղուց էր հեռացել, սակայն կապը երբեք չի կտրել և այս ընթացքում բազմաթիվ ծրագրեր է իրականացրել:

Մեծ Շենը նախկինում 5 եկեղեցի է ունեցել, սակայն դրանցից ոչ մեկ խորհրդային տարիներին չի պահպանվել: 70 տարուց ավելի գյուղի հավատացյալների ցանկությունը թեկուզ մի փոքրիկ աղոթատեղի ունենալն էր: Եսայանների շնորհիվ գյուղացիների ցանկությունն իրականություն դարձավ: Կառլեն Եսայանը հայրենի գյուղը շենացնելու համար ջանք ու միջոց չի խնայել, բայց դա շքանշանների ու իր մասին խոսելու համար չի արել: Համեստ բժիշկը չէր սիրում, երբ իր կամ արարքների մասին խոսում էին: Պարզապես աշխատում էր, ստեղծում:

Նրա մահից հետո էլ Եսայանների բարեգործական ծրագրերը կանգ չեն առել: Նույն թափով շարունակվում են` Արցախում ու Հայաստանում, հիմա արդեն կնոջ ու որդիների շնորհիվ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 12-ին, Երևանի քաղաքային պանթեոնում հարգանքի տուրք էր մատուցվել ՀՀ վաստակավոր բժիշկ, բարերար, երջանկահիշատակ Կառլեն Եսայանի հիշատակին:

Սիրված մարդու, սիրված բժշկի հիշատակն հարգելու էին եկել ընտանիքի անդամները, սակայն մեծ թվով քաղաքացիներ, ընդառաջելով լեգենդար բժշկի ընտանիքի անդամների հորդոր-խնդրանքին՝ կապված հանրապետությունում կորոնավիրուսի հետ, հայտարարված արտակարգ դրության ռեժիմի չխախտման համար հրաժարվել էին այցելել Մեծ հայի, Մեծ մտավորականի, Մեծ բարերարի շիրիմին, որպեսզի այդ ամենը չդիտվի արտակարգ ռեժիմի խախտում:

Այնուհետև ընտանիքի անդամները այցելել էին Նոր Նորք վարչական շրջանում ՀՀ վաստակավոր բժիշկներ, բարերարներ Կառլեն և Սառա Եսայանների կողմից կառուցված եկեղեցի, որտեղ կատարվել էր մոմավառություն և պատարագ:

Լեգենդար բժիշկ–բարերարի հիշատակը հարգեց նաև մայրաքաղաքի «Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության բուժանձնակազմը, ովքեր իրենց խոսքում ասում էին. «6 տարի է, անվանի ու վաստակավոր բժիշկ, լեգենդար հայը մեզ հետ չէ, բայց մենք, ինչպես գրել է հայ մեծ գրող Համո Սահյանը, «նրան բացակա չենք դնի» ու տեղին է հիշել Մեծն Սահյանի՝ «Ինձ բացակա չդնեք» բանաստեղծությունը, որտեղ գրված է նաև՝ Ես եմ քարե պատարագ, ձեզնից սերված ընդունեք, Դուք ձեր կամքին հակառակ, ինձ բացակա չդնեք, Ոչ խոստումներ, ոչ երդում, չսպասեք ու չքննեք, Անվերջ, անշարժ ձեր երգում ինձ բացակա չդնեք...

Ամեն անգամ պոլիկիլինիկայում աշխատանքային առօրյան սկսելիս հիշում ենք մեր մեկ այլ հայ մեծ գրողի խոսքերը՝ Մեծն Պարույր Սևակի և այդ խոսքերը հիրավի ասված են նաև Կառլեն Եսայանի համար՝ Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած, գալիս են նրանք ճիշտ ժամանակին:

Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր