211652_close_icon
views-count934 դիտում article-date 16:34 04-01-2024

Իրանի ՆԳՆ-ն հայտնել է, որ Քերմանում պայթյունների զոհերի թիվը 84 է

Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին հայտարարել է, որ հունվարի 3-ին Քերմանում տեղի ունեցած հարձակման զոհերի թիվը 84 է։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է IRNA գործակալությունից։

«Դատաբժշկական եզրակացության համաձայն՝ այս միջադեպի հետևանքով զոհերի թիվն այսօրվա դրությամբ կազմում է 84», - ասել է Իրանի ՆԳՆ ղեկավարը պայթյուններից տուժածներին այցելելուց հետո։

Վահիդին հայտնել է, որ միջադեպից հետո կատարվել է 119 վիրահատություն։ Հոսպիտալացվածներից մի քանիսի վիճակը ծանր է։ Նախարարը նաև հայտնել է, որ միջադեպի հետևանքով 284 մարդ է վիրավորվել։

Ահմադ Վահիդիի խոսքով՝ «ահաբեկիչները և նրանց կողմնակիցները ծանր ապտակ կստանան» և պետք է վախենան Իրանի ժողովրդի ցասումից։

Իրանի Քերման քաղաքում 2 պայթյունները տեղի են ունեցել հունվարի 3-ին՝ 2020 թվականին Բաղդադում ԱՄՆ ավիահարվածի հետևանքով իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան 4-րդ տարելիցի օրը, նրա հիշատակին նվիրված արարողության ժամանակ։

Ավելի վաղ իրանական պետական լրատվամիջոցները հայտնում էին 103 զոհի, 211 վիրավորի մասին։

Նմանատիպ նյութեր