211652_close_icon
views-count1198 դիտում article-date 07:31 18-01-2024

Արդարադատության նախարարության պաշտոնյայի դեմ քրեական գործ է հարուցվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության հանձնումների եւ դատական հանձնարարությունների բաժնի պետ Անուշ Ռշտունու դեմ քրեական գործ է հարուցվել դատարանի որոշման կատարմանը խոչընդոտելու համար՝ Քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի հատկանիշներով։

Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, թե ինչպես է վերջինս Երեւան քաղաքի վարչական շրջաններից մեկում տեղի ունեցած Խնամակալության եւ հոգաբարձության խորհրդի նիստից հետո պաշտոնյային ոչ վայել վարքագիծ դրսեւորել՝ վիրավորանքներ եւ սպառնալիքներ հնչեցնելով հակառակ կողմի հասցեին։ Մասնավորապես, փաստաբան Տիգրան Ստեփանյանը, ահազանգելով մեր խմբագրություն, հայտնել էր, որ Անուշ Ռշտունին իր վստահորդին սպառնացել էր «առյուծների փայ դարձնել»։ Գրել էինք նաեւ, որ Անուշ Ռշտունին ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի սանիկն է. վերջինս ունի առյուծներ, եւ, հավանաբար, հենց նրա առյուծներով էլ Ա․ Ռշտունին սպառնում է քաղաքացուն։

Մեզ հաջողվեց ճշտել, որ այս դեպքից հետո սույն պաշտոնյան ոչ միայն չի ենթարկվել կարգապահական պատասխանատվության, այլեւ շարունակել է դրսեւորել հակաօրինական վարքագիծ, ինչը հենց հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու պատճառ է դարձել։ Փաստացի ստացվում է, որ ԱՆ որոշ պաշտոնյաներ, որոնք կոչված են հետեւելու արդարադատությանը, իրենք են խոչընդոտում դատարանի որոշումների կատարմանը՝ հավանաբար վայելելով ԱՆ բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորչությունը։ Ի դեպ, ԴԱՀԿ ծառայությունը եւս ստեղծված իրավիճակի մեջ մեղքի իր բաժինն ունի. առնվազն աչք է փակում կոլեգա պաշտոնյայի հակաօրինական գործողությունների վրա։

Այս իրավիճակում հարց է առաջանում՝ ինչո՞ւ իրավապահները նույն ջանասիրությունը չեն ցուցաբերում ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դեպքում, երբ նա Ազգային ժողովում սպառնաց ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի լեզուն ու ականջները կտրել եւ մինչ օրս անպատիժ է: Ի դեպ, նա նույն Արթուր Հովհաննիսյանն է, որը 2017թ.-ին բերման էր ենթարկվել թմրանյութերի գործով»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր