211652_close_icon
views-count19435 դիտում article-date 10:13 26-01-2024

«Տեսեք, Էջմիածնում չկա Մանվել, բայց կա Դիանա, որը ոչ պակաս բաներ է անում ֆինանսական իմաստով». Հայկ Գրիգորյանը՝ կոռուպցիոն գործարքների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ականները պնդում են, թե Հայաստանում կոռուպցիան արմատախիլ են արել, համակարգային կոռուպցիա չկա: «Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ, Երեւանի ավագանու անդամ Հայկ Գրիգորյանը Aravot.am-ի  հետ զրույցում կոնկրետ կոռուպցիոն ռիսկ պարունակող գործարքի օրինակ բերեց.
«Քաղաքապետարանը, որպես հանրային բյուջե տնօրինող կառույց, հարկատուների փողերով մի հատ ընկերության հետ կնքել է պայմանագիր՝ առանց մրցույթի: Կառուցել է հարկատուների փողերով գազալցակայան, կնքել է 10 տարով պայմանագիր, ավելի բարձր գին է սահմանել գազի համար, քան հիմա ներկայումս գազալցակայաններում գործող գինն է ու հիմնավորել է, որ դա թույլ կտա, որ Երեւանի ավտոպարկն այդտեղից օգտվի: Դա երկարաժամկետ իմաստով համարում է լավ ներդրում: Նախ, մրցույթ չի արվել, եթե չկա մրցակցություն, չես կարող պնդել, որ լավ պայմանով ես դա արել: Երկրորդը՝ գազի բարձր գինն է: Հիմնավորում են, որ կարող է երկու տարուց գազը թանկանա: Ես էլ կարող եմ պնդել, որ կարող է 2 տարուց գազը էժանանա, բայց դուք գինը ֆիքսել եք տասը տարվա համար: Ինչի՞ համար ես ուրախանում, եթե գինը բարձր է ու մրցույթ չես արել»:
Հարցին՝ Երեւանի ավտոպարկը չի՞ կարող շուկայի այլ մատակարարից օգտվել՝ նա պատասխանեց. «Ոչ, չի կարող: Ընդ որում, այդ ընկերությունը իրավունք ունի գազ վաճառել նաեւ այլ վարորդների, այսինքն, բիզնես է»:
Հարցին՝ այդ բիզնեսի տերը փոխկապակցվա՞ծ է ՔՊ-ի, Ավինյանի հետ՝ Հայկ Գրիգորյանը պատասխանեց. «Ես դրա պատասխանը չգիտեմ, բայց չեմ բացառի, որովհետեւ ուրիշ ի՞նչ հիմնավորում պետք է լինի՝ այդ ընկերությանն ընտրելու, եթե մրցույթ չի արվել»:
Ըստ Հայկ Գրիգորյանի, հիմա կոռուպցիա կա, այն ուղղակի փոխել է իր դեմքը.
«Կոռուպցիայի ձեւերը բազմազան են: ՀՀԿ-ն աշխատել է մեկ այլ ֆորմատով, իրենք աշխատել են մեկ այլ ֆորմատով: Դրա համար մենք ասել ենք, որ ավագանու ընտրություններով կանգ չենք առնելու, ուզում ենք իշխանափոխություն, որովհետեւ մենք հասկանում ենք, որ ինչ կատարվում է քաղաքի մակարդակով, նույնը բազմապատիկ ավելի վատ կատարվում է երկրի մակարդակով: Ոչ թե խնդիրն այն է, որ իրենք չեն տիրապետում, չեն կարող, կամ հներն են խանգարում, այլ իրենք արդեն հարմարվել են այն համակարգին, այն ժառանգությանը, որը ստացել են ու չեն ուզում դա փոխել»:

 

Նմանատիպ նյութեր